Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․
«Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդումը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսևորում է։
Մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով փաստերի նման խեղաթյուրված և միակողմանի ներկայացումը, անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և նախաքննության գաղտնիության այս աստիճան բացահայտ ոտնահարումը, այն էլ՝ Հանրային հեռուստաընկերության կողմից, սահմանադրական մի շարք իրավունքների առերևույթ խախտում է, ինչն անվիճարկելի փաստ է իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած անձի համար։
Նման առերևույթ խախտումները նվեր են Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին։
Ի դեպ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը:
Բացի այդ՝ պարտավոր է հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը