168.am-ը գրում է․ «Որևէ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե որևէ անձի կամքի շնորհիվ, որ, պայմանական ասած՝ բարի թագավորը մեր բոլորի իրավունքները կպաշտպանի, այլ պետական անկախ կառույցներով… Եվ երբ այդ պետական կառույցները չեն գործում, խոսել մարդու իրավունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների պաշտպանությանը:
Վերջինս կարծում է, որ Հայաստանում մինչև 2018թ. իշխանափոխությունն այդ իմաստով մեծ խնդիրներ են եղել, որովհետև պետական կառույցները կախվածության մեջ են եղել գործադիրից, բայց ոչ բոլորը, սակայն, փաստորեն, իշխանության եղած նոր ուժը ոչ միայն չհանդուրժեց, որ կարող են լինել առանձին, անկախ դատավորներ, այլև գնաց այդ պետական կառույցների և հատկապես՝ ՍԴ-ի կատարյալ ոչնչացմանը:
«Հիմա Հայաստանում տեղի է ունենում մեկ անձի վոլյունտարիզմի քաղաքականություն: Մեր հասարակությունը, ցավոք սրտի, ոչ թե ուզում է ուժեղացնել պետական կառույցները, այլ փնտրում է փրկիչ, լավ թագավոր»,- ասաց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է, Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ սա բացահայտ ահաբեկում է: Իրավապահ մարմինները, ըստ նրա, կատարում են Փաշինյանի հրահանգը:
Հարցին, թե իրավապաշտպան կառույցները Հայաստանում քաղաքականացվա՞ծ են, Ավետիք Իշխանյանը պատասխանեց՝ ցավոք սրտի, հիմնականում՝ այո:
Անդրադարձ կատարվեց Հրայր Թովմասյանի այն արտահայտությանը, թե ինքը լռում է, չի մանրամասնում, թե ինչ է կատարվել ու կատարվում իր շուրջ՝ մտածելով երկրի վարկանիշի մասին:
«Թող ինձ ների Հրայր Թովմասյանը, բայց եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ այսօրվա հերոսը կլինի ինքը, ես, ճիշտն ասած, չէի հավատա: Բայց ժամանակն է իրականում ցույց տալիս, թե ովքեր են մեծ-մեծ խոսողները, և ովքեր են հերոսները: Եվ նրա ասածը ճշմարտություն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը