Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի և պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, ԱԺ-ում նշեց․ «Մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի»։
«Պարո՛ն Բաբաջանյան, ինչ վերաբերում է պետությանը և պետության ուժին, ես Ձեզ հետ համաձայն եմ, ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա, ոստիկանությունն իր ուժը ցույց տա, և տիկի՛ն Սամսոնյան, Ձեր մտահոգությունները փարատեմ՝ պետությունը այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ»,- նշեց Ռուստամ Բադասյանը:
Անդրադարձավ նաև ԼՀԿ-ական ատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությանը, թե Արդարադատության նախարարությունը մերժում է նախագծի վերաբերյալ իրենց ներկայացրած առաջարկը, քանի որ այն ներկայացրել է «Լուսավոր Հայաստանը», նախարարը նշեց․ «Մենք ուղղակի կաշվից դուրս ենք գալիս, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ լինի բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ: Դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին մեր արձագանքով, քննարկման պատրաստակամությամբ»,-ասաց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը