ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազին զրպարտելու համար ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել:
«Ստի ոտքը իսկապես կարճ է: Նման պրիմիտիվ մանիպուլյացիաներինը՝ ևս»,- գրել է նա:
Աբրահամյանը տարածել է Araratnews.am-ին դատախազության կողմից տրված պարզաբանումը, որ վերաբերում է նախորդ տարի իրավապաշտպան Արտակ Գալստյանի ու փաստաբան Սուսաննա Սարգսյանի հրապարակած տեղեկությանը, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՀՀ գլխավոր մանկաբարձ, երեխաների վաճառքի համար մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանը հանդիպել են:
Դատախազությունից հայտնել են, որ ԱԱԾ-ն գործի քննությունն ավարտել է:
«… Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ հրավիրված Ա. Գալստյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց՝ քննությանը հայտնելով իր տեղեկությունների աղբյուրները:
Ձեռնարկված քննչական, դատավարական միջոցառումներով պարզվել է, որ հաղորդման մեջ նշված վայրում Ռ. Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել ոչ թե գլխավոր դատախազի, այլ իր իրավաբանի հետ, և տվյալ հանգամանքն ակնհայտ է եղել տեղեկություն տարածողի համար:
Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված վայր այցելելու և այնտեղ Ռազմիկ Աբրահամյանի, Լիաննա Կարապետյանի և այլ անձանց հետ հանդիպումներ ունենալու վերաբերյալ առհասարակ որևէ տվյալ չի ստացվել»,- հայտնել են դատախազությունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը