Եթե ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հեռանա, ես չեմ հասկանա նրան։ Այս մասին 168TV-ի՝ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ իրեն հայտնի չեն ճամպրուկային տրամադրությամբ ՍԴ դատավորներ, որոնք պատրաստվում են օգտվել վաղ կենսաթոշակի գործիքից․ «Սահմանադրական դատարանում գոնե ինձ հայտնի չէ ճամպրուկային տրամադրությամբ որևէ դատավոր այս պահի դրությամբ։ Ես չեմ տեսնում իմ գործընկերների մոտ ճնշված տպավորություն, մենք նաև հայտարարությամբ հանդես եկանք, որ անկախ ստեղծված վիճակից մենք շարունակում ենք բնականոն աշխատել, մեր կոչմանը հավատարիմ։ Որևէ իմ գործընկեր, համենայն դեպս մեր ընդհանուր զրույցներում չի ասել, որ օգտվելու է այդ հնարավորությունից»։
Անդրադառնալով մամուլի տեղեկություններին ՍԴ դատավորների արտաամուսնական կապերի շուրջ «դոսյե» պատրաստելու մասին՝ Արևիկ Պետրոսյանն ասաց․ «Իմ վրա բնականաբար ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ նման կապի մասին խոսք լինել չի կարող, երկրորդը՝ գոնե ուժային կառույցների ներկայացուցիչները քաջ գիտեն, որ եթե պաշտոնապես հաստատվի այդ տեղեկատվությունը, դրա պատասխանը տալու է ոչ թե Արևիկ Պետրոսյանը, ոչ թե ՍԴ-ն, այլ քրեաիրավական օրենսդրությունը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ։ Եթե չի հաստատվում այս տեղեկատվությանը, ապա այդ ինֆորմացիային պետք է վերաբերել հումորով»։
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջներին, Պետրոյանը նկատեց՝ ՍԴ նախագահը չունի ՍԴ դատավորից առավել լիազորություններ․ «Ինչու ենք մենք հարգում Հրայր Թովմասյանին, որովհետև նա փորձ չի կատարել ՍԴ որևէ դատավորի վրա որևէ որոշման կապակցությամբ ազդեցություն ունենալ»։
Սդ դատավորը նշեց՝ ՍԴ-ում ճգնաժամ հասկացությունը քաղաքական հարթակ բերեց և փորձեց սրել Վահե Գրիգորյանը․
«Վահե Գրիգորյանը անցած տարվա հունիսից երդվել է որպես ՍԴ դատավոր և ստանձնել է իր պաշտոնը՝ ԱԺ-ում ունենալով ելույթ, որ գալիս է ՍԴ ստանձնելու նախագահի պաշտոնը և այդ տրամադրվածությամբ էլ մտել է ՍԴ։ ՍԴ-ում ճգնաժամ հասկացությունը քաղաքական հարթակ բերեց և փորձեց սրել Վահե Գրիգորյանը՝ ԱԺ-ում իր երդման ժամանակ։ Նա մասնակցություն չի ունեցել ՍԴ որևէ նսիտի, մենք նրա մանագիտական կարողությունները սահմանադրական արդարադատության տեսանկյունից չենք տեսել։ Վահե Գրիգորյանը դրսևորում է այն բոլոր քայլերը, որոնք թվարկված են «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում որպես վարքագծի կանոններ, որոնք ՍԴ դատավորն իրավունք չունի անել։ Ցանկացած պահի այս հարցը կարող է օրակարգային դառնալ։ Նրան տրվել է իր վարքագիծը վերանայելու, սահմանադրական արդարադատություն իրականացնելու հուն մտնելու, իր գործառույթը իրականացնելու հնարավորություն, կիրականացնի՝ լավ, չի իրականացնի՝ տեսնենք ինչ կլինի։ Մենք ծանրաբեռնված աշխատում ենք, նույնիսկ իր փոխարեն, բայց Վահե Գրիգորյանն իր այս պահվածքով խնդիր է ստեղծում ոչ թե ՍԴ-ի համար, այլ այն իշխանության համար, ում օրոք նա ընտրվեց և որը նրան առաջադրեց»։
Հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանը փորձել է հանդիպել, քննարկում ունենալ ՍԴ դաըավորների հետ, Արևիկ Պետրոսյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի նման ցանկության մասին ինքը տեղյակ չէ, եթե լիներ, ինքը կիմանար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը