10 01 2020

Ոստիկանության պարզաբանումը՝ «Սասնա ծռերի» անդամին բռնության ենթարկելու մասին



Հունվարի 7-ին՝ ժամը 17․40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել Բաբայան փողոցում գտնվող օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի դիմաց երկու անձանց կողմից հասարակական կարգ խախտելու վերաբերյալ։ Այս մասին  տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ եւ հնչեցրել է հայհոյանքներ։ Ոստիկաններն անմիջապես արձագանքել են և, սպառելով համոզման բոլոր մեթոդները, իրականացրել են վարչական ձերբակալում, այդ տղամարդուն բերել են Քանաքեռ-Զեյթունի բաժին, պարզել նրա ինքնությունը, կազմել վարչական ձերբակալման, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և նախապատրաստել նյութեր ։ Բաժին բերված տղամարդը հրաժարվել է բացատրություն տալուց, այնուհետև «Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնում» ստուգվել է նրա սթափությունը։ Վերջինիս մոտ ախտորոշվել է ալկոհոլային հարբածություն 0,50 մլգլ աստիճան։

Միևնույն ժամանակ բերված տղամարդը ոստիկանությունում հայտարարել է, որ բաժնում քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկն ապտակել է իրեն։ Նույն պահին նրան առաջարկվել է տալ հանցագործության մասին հաղորդում, սակայն հրաժարվել է՝ հայտնելով, որ առանց փաստաբանի որևէ բան չի հայտնի և ստորագրի։ Չնայած այս հանգամանքին՝ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հետաքննության բաժանմունքում սկսել են նյութեր նախապատրաստել։

Հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, «շտապօգնության» խումբը կանչով հիշյալ տղամարդուն տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն և նրա մոտ ախտորոշվել է «աջ ոտնաթաթի 1-ին մատի եղնգային ֆալանգի սալջարդ-կոտրվածք հարցականով»։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վերջինս կրկին հրաժարվել է մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց և բացատրություն տալուց՝ հավելելով, որ առավոտյան փաստաբանի հետ կներկայանա ոստիկանություն։

Հունվարի 9-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հաղորդում տվել, որ հունվարի 7-ին Բաբայան փողոցում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ձեռնաշղթաներ են հագցրել, որի ընթացքում հարվածել են ոտքերին ու կանգնել իր ոտքերի վրա՝ հանգամանքներ, որոնց մասին վերջինս չի բարձրաձայնել դեպքից հետո և կրկին պնդել է, թե քաղաքացիական հագուստով անձն ապտակել է իրեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ