Sputnik Արմենիա-ն գրում է. «Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի` դեկտեմբերի 20-ին կայացրած որոշման դեմ։ Մեզ հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից` Հայկ Ալումյանը։ Վերաքննիչ դատարանը մերժել էր սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը և Առաջին ատյանի դատարանի որոշումը գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին, թողել էր օրինական ուժի մեջ: Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ բողոքը Վերաքննիչ դատարան էր բերվել այն հիմքով, որ գրավի կիրառումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը որևէ չափով չէր պատճառաբանվել և այդ տեսքով հակասում էր Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին և երրորդ կետերին: Վերաքննիչ դատարանը գտավ, որ առանց որևէ պատճառաբանության միջնորդությունը մերժելու մեջ որևէ անօրինական բան չկա:
«Ըստ էության՝ Առաջին ատյանի դատարանի` ընդհանուր բնույթի և ոչինչ չասող երկու նախադասությունը Վերաքննիչ դատարանը գտավ բավարար, որպեսզի անձը շարունակի պահվել կալանքի տակ: Մենք իհարկե համամիտ չենք Վերաքննիչ դատարանի որոշման հետ ու նաև հասկանում ենք, թե ինչ պատճառներով է այդպիսի որոշում կայացվել, հետևաբար, բողոք ենք ներկայացնել Վճռաբեկ դատարան: Հիմա ես աշխատում եմ նաև Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատի վրա»,- նշեց փաստաբանը:
Հայկ Ալումյանի համոզմամբ՝ ընթացող դատավարության միակ տրամաբանական ավարտը կլինի այն, որ հենց առաջին իսկ դատական նիստին կարճվի քրեական գործի վարույթն ու դադարեցվի քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ըստ այդմ՝ ցանկացած այլ ելք տրամաբանությունից դուրս է: Փաստաբանի տեղեկացմամբ՝ 850-ից ավել դատակոչված անձ կա, ինչն աննախադեպ թիվ է, և Ալումյանի կարծիքով ՝ այդքան մարդու դատարան են հրավիրել, որպեսզի դատավարությունը մոտակա 7-8 տարում չավարտվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը