Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության ԱՎՎ Բավրայի բաժանմուքի ավագ տեսուչը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ոստիկանության մայորի Գյումրիում գտնվող բնակարանում։
Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր ու դեղապատիճներ, այդ թվում՝ «դիազեպամ» և «լիրիկա» գրառմամբ։ Ոստիկանության աշխատակցի մեքենայի խուզարկությամբ ևս հայտնաբերվել է հոգեներգործուն 4 դեղապատիճ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ ոստիկանության ծառայողը հոգեներգործուն դեղահաբերը Գյումրիում ապրող մի տղամարդու անձամբ վաճառել է քրոջ դեղատնում։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը