16 12 2019

Դատախազների միջնորդությունները բավարարում են, պաշտպաններինը՝ ոչ․ Արամ Վարդևանյան



Վերջին շրջանում կայուն պրակտիկա է ձևավորվում․ եթե դատախազները միջնորդություն են ներկայացնում, դրանք բավարարվում են, եթե պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացնում, դրանք մերժվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ նիստի ընթացքում ընդհանուր դատական իշխանության նկատմամբ բավականին անհարգալից արտահայտություններ արվեցին, որը նիստը նախագահողը նույնիսկ չընդհատեց, մինչդեռ նման իրավիճակներում առնվազն պետք է ընդհատի։ 

«Միջնորդության հիմքը ֆեյսբուքյան գրառումն է, ֆեյսբուքը դատախազության միջնորդության ջանքերի շնորհիվ հանդիսանում է պատշաճ հիմք ինքնաբացարկի միջնորդության։ Փաստացի այն բոլոր հակափաստարկները, որոնք ներկայացվում էին այս միջնորդության վերաբերյալ, ուղղակիորեն հակառակը վերաբերելի էր նախորդ նիստին, որի հակառակը հենց պնդում էր դատախազությունը։ Քրեական գործը հարուցվել է դատավորին զրպարտելու մասով։ Եթե դատավորին մեկը պատճառի կյանքին կամ առողջությանը վնաս, ու ինքը դրա վերաբերյալ հաղորդում տա, հետո դա ինքնաբացարկի հի՞մք պետք է դառնա։ Ո՛չ»,- ասաց փաստաբանը։

Արամ Վարդևանյանը բարձրացրեց հետևյալ հարցը․ «Դուք քանի նման տեսակ ոչ ծավալուն գործ գիտեք, որը 7 ամիս նախաքննություն իրականացվի, և գործով անցնող առանցքային անձը՝ հաղորդում տվողը, նույնիսկ հանցաքննության չկանչվի»։

Անդրադառնալով իրենց ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը՝ Արամ Վարդևանյանը նշեց, որ դատավորի եղբայրը, դատավորի հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ցուցաբերել քաղաքական չեզոքություն։ «Դատավորն այդ դեպքում ինչպե՞ս պետք է լինի անկողմնակալ։ Դա միջազգային լավագույն փորձից է բխում, նաև ԵԽ համապատասխան կանոններով է նախատեսված դատավորների համար»,-ընդգծեց փաստաբանը։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի հայտարարությանն այն մասին, որ իշխանություններին Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի պես դատավորներ են պետք, Վարդևանյանը նշեց, որ դատավորի համար պետք է մտահոգիչ լինի, եթե դատավորի գործողությունները որևէ խմբի ակնհայտ դուրեկան են։  «ԲԴԽ նախագահի հայտարարությունը չափազանց կարևոր է և ազդակ պետք է հանդիսանա»,- հավելեց Վարդևանյանը։

Գործը նոր դատավորին մակագրելու հարցին անդրադառնալով՝ փաստաբանը նշեց, որ գործը մակագրվել է համակարգչի միջոցով, սակայն եթե գրված է՝դեկտեմբերի 17-ին մեկնում է արձակուրդ, ամսի 7-ից իր համակարգը պետք է փակ լինի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ