Tert.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունն ունենա իր համար ցանկալի ՍԴ կազմ: Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, թե այս ճանապարհն իրավական չէ:
«Եթե ուզում են այս գործընթացին օրենքի տեսք հաղորդել, դա դեռ չի նշանակում, որ սա իրավական ճանապարհ է: Դա նույն բանն է, եթե, օրինակ այժմ ԱԺ մեծամասնությունը օրենք անցկացնի, որով ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորներին տարբեր եղանակներով խրախուսի մանդատները վայր դնել և անցնել կենսաթոշակի՝ ընդհուպ առաջարկելով հսկայական պարգևավճարներ տրամադրել: Դա տեսքով կարող է դառնալ օրենք, բայց բովանդակությամբ իրավական համարվել չի կարող: Նույնն այս դեպքում է»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ բազմաթիվ փորձեր են արվել՝ ՍԴ դատավորներից ազատվելու, որոնք անարդյունք են եղել, այդ պատճառով էլ դիմել են այս մեթոդին:
«Օրինակ՝ անհաջող փորձ արվեց ապացուցել, թե իբր նրանք դատավորներ համարվել չեն կարող: Ես չեմ պատկերացնում՝ ինչ տեղի կունենար, եթե Վենետիկի հանձնաժողովը չարձագանքեր. մինչև հիմա կթմբկահարեին, որ ՍԴ դատավորը մի բան է, անդամը՝ այլ բան: ՍԴ-ի մոտ բեմադրեցին «ժողովրդական ցասում» կոչվող արարողությունը, որի ընթացքում վիրավորանքներ էին հնչում դատավորների հասցեին, ու նրանցից մեկի նկատմամբ անգամ ֆիզիկական ուժ կիրառեցին, իսկ ոստիկանները կողքից հետևում էին ընթացքին: Փորձեցին քրեական գործեր ստեղծել»,-ասաց Ալումյանը:
Նրա խոսքով՝ թեև նշվում է, որ նախագիծը բացառապես կամավոր սկզբունքով է, իրականում կա երրոդ՝ ամենակարևոր տարրը:
«Եթե ընտրությունը ընդամենը լիներ՝ եթե ուզում եք անցնել կենսաթոշակի, անցեք, չեք ուզում, շարունակեք աշխատել, այլ հարց կլիներ, բայց կա սպառնալիք: Եթե նախընտրեք մնալ և աշխատել, հաշվի առեք, որ հնարավոր է՝ էլի քրեական գործեր հարուցվեն, էլի մարդիկ ՍԴ-ի շուրջ հավաքվեն, սկսեն ձեզ անպատվել, վարչապետն էլի եթերով անպատվի ձեզ: Եթե դատավորներն այս մտավախությունները չունենային, համոզված եմ, որ դատավորներից ոչ մեկը չեր ցանկանա կենսաթոշակառու դառնալ այդ տարիքում»,-նշեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ են ընտրվել հատկապես ՍԴ դատավորները, Ալումյանը պատասխանեց, թե չի կարծում, որ իշխանությունները չեն փորձելու մյուս դատավորներին էլ փոխել:
«Պարզապես ծախսատար եղանակ կլիներ ընդհանուր իրավասության կամ վարչական դատարանների դատավորներին փոխելու համար, դրա համար որոշել են այս մեթոդը կիրառել բացառապես ՍԴ դատավորների դեպքում: Կարծում եմ՝ ցանկացած իշխանությանը հնազանդվելու պատրաստ դատավորները կշարունակվեն պաշտոնավարել, մնացած դատավորներից կփորձեն ազատվել, մեթոդներն էլ կլինեն, հավանաբար, ոչ այդքան ծախսատար»,-նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:
Հիշեցնենք նաև, որ նշված նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ սոցիալական բոլոր երաշխիքների պահպանմամբ:
Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը