06 12 2019

Օրենսդիրի և գործադիրի կողմից ճնշումներ կան․Վերաքննիչ դատարանի նախագահ․Փաստինֆո

Օրենսդիրի և գործադիրի կողմից ճնշումներ կան․Վերաքննիչ դատարանի նախագահ․Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ։

-Պարոն Ռշտունի, զրույցը սկսենք, թերեւս ամենացավոտ ՝ դատարանների անկախության խնդրից։ Դատարանները այսօր Հայաստանում  իրապե՞ս անկախ են կամ որքանո՞վ են անկախ։

-Դժվար հարց եք տալիս,  հարցին հստակ չեմ կարող պատասխանել, բայց եղել են առիթներ, երբ դատավորների անկախության հետ կապված հարց են ուղղել ինձ, կարող եմ ասել, որ այսօր դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ։ Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաեւ որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ  չէ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, այսօր դատական համակարգն, ընդհանուր առմամբ, ունա՞կ է դիմակայել  իշխանության մյուս՝  գործադիր ու օրենսդիր ճյուղերից եկող ճնշումներին, որոնց ականատեսը, մասնավորապես, վերջին 1-1.5 տարվա ընթացքում լինում ենք։

-Ես էլ եմ ձեզ հետ համաձայն, որ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից։ Մինչ այսօր՝ մենք, ընդհանուր համակարգը,  կարելի է ասել,  դեռեւս դիմացել ենք, բայց  այստեղ կարեւորն այն է, թե ինչ գործիքակազմ ունեն դատարանները՝ դիմակայելու համար եւ ինչ գործիքակազմ ունեն օրենսդիր եւ  գործադիր իշխանությունները։ Հիմա չխոսենք իշխանությունների տարանջատման սկզբունքի եւ նշանակության մասին,  երեւի թե կհամաձայնեք եւ դա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ դրա վերաբերյալ կան մի շարք միջազգային փաստաթղթեր, որ հիմնականում ամենաթույլ  վիճակում մշտապես դատական իշխանությունն է, որովհետեւ  որոշակիորեն եւ ոչ միայն որոշակիորեն, մեծապես կախված է օրենսդիր ու գործադիր իշխանությունների կամքից՝  սկսած  դատավորների քանակից, դատարանների բյուջեից եւ նմանատիպ այլ հարցերից, այդ թվում նաեւ կարգապահական պատասխանատվության հիմքերից ու  մեխանիզմներից։ Այստեղ, իմ կարծիքով, ամեն դեպքում դիմակայելու հետ կապված, շատ կարեւոր նշանակություն ունի քաղաքական իշխանության կամքը։ Ես մի բան կարող եմ ասել, եթե իշխանության երեք ճյուղերը չեն  համագործակցում, գուցե  բառը ճիշտ չի ընտրված, եթե չեն աջակցում  միմյանց, ուրեմն իրավական պետությունում բնականոն  գործընթացը խաթարվում է կամ եթե այս բառն էլ է սխալ ընտրված, եթե չկա փոխադարձ հարգանք  եւ վստահություն, նշանակում է իրականում խնդիր ունենք։ Դրա համար   խոսել այն մասին , թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել,  եթե գործընթացները շարունակվեն  կամ ավելի սրվեն,  չգիտեմ։  Ավելի հակված եմ մտածելու, որ  դժվար թե դիմակայի։

-Պարոն Ռշտունի, դասագրքային ճշմարտություն է, որ դատական իշխանությունը պետք է տարանջատված եւ անկախ լինի օրենսդիր ու գործադիր  իշխանություններից, բայց  իշխանության ամենաբարձր օղակներից մինչեւ պատգամավորի մակարդակ, հայտարարություններ են հնչում առ այն,  որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը պետք է այդ նույն ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն  ձեւավորի։ Դուք ի՞նչ եք  կարծում, իրապե՞ս վստահության պակասի խնդիր կա, թե՞ ամեն դեպքում, գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ։

-Այսպես ասեմ, որը կրկին գուցե դասագրքային  ճշմարտություն լինի, երեւի թե չկա երկիր կամ պետություն,  որտեղ դժգոհություններ չլինեն դատական իշխանությունից, որովհետեւ մշտապես կան մրցակցող կողմեր, ասենք՝ քրեական  իրավունքում, քրեադատավարական, քաղաքացիադատավարական, վարչադատավարական իրավահարաբերություններում։ Մի կողմից կան պետության ներկայացուցիչները, մյուս կողմից՝ քաղաքացիները։ Հատկապես քաղաքացիների միջեւ վեճերի դեպքում, հիմնականում, մի կողմը մշտապես դժգոհ է մնում դատարանի կայացրած որոշումներից, հետեւաբար  դատական իշխանությունից դժգոհություններ մշտապես կարող են լինել, բայց այստեղ  խնդիրը կայանում է նրանում, թե այդ դժգոհությունների առումով ինչ միջոցներ պետք է ձեռնարկել, որ այդ  դժգոհությունները նվազեն, հենց սրա համար եմ ես ասում, որ  դատական իշխանությունը շատ քիչ հնարավորություններ ունի։ Ես կարծում եմ, որ  քաղաքական իշխանությունը   միջոցներ պետք է ձեռնարկի հասարակության շրջանում դատական իշխանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով։ Մենք՝ դատավորներս, մոտավորապես  240-ն ենք, մեզ հասարակության ենթադրենք 10 տոկոսն անգամ կարող է չճանաչել։ Ես պայմանական թվեր եմ ասում, բայց օրինակ նույն հասարակության 70 տոկոսը վստահել է իշխող ուժին եւ եթե այդ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ  դատարանները վատն են, հասարակության մեծամասնության մոտ կարծիքն այդպես է ձեւավորվում, որ, այո, վատն են եւ դատական իշխանությունը չի ծառայում այն նպատակին , որի համար ստեղծված է։ Ըստ իս, ամեն դեպքում, զուտ դատավորի անկախ լինելով կամ զուտ դատական իշխանության բնականոն գործունեության ապահովման ջանքեր իրականացնելով դատական իշխանությունը ինքնուրույն , ինքնաբերաբար ի վիճակի չէ հասարակության մոտ բարձրացնել իր դերն ու նշանակությունը։ Գուցե տարիներ, տասնամյակներ անց երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում դա հնարավոր լինի իրականացնել, բայց ամեն դեպքում, եթե կա իշխող քաղաքական ուժ, ում հասարակության 70 տոկոսը  վստահել է եւ այդ քաղաքական ուժը, որին ներկայացնում են այսօրվա օրենսդիր եւ գործադիր  իշխանությունները, հայտարարում է, որ դատական իշխանությունը լավը չէ, ես չեմ կարող պատկերացնել, որ հնարավոր է դատական իշխանության ներկայացուցիչների  շնորհիվ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ հասարակության մեծամասնության մոտ  կարծիքը փոխվի։

-Պարոն Ռշտունի, Դուք խոսեցիք քաղաքական կամքից եւ  այն ուղերձների մասին, որոնք, փաստորեն , հղվում են հասարակությանը։ Այսօր դատական իշխանության նկատմամբ իրապես վստահությունը  վերականգնելու , ամրապնդելու կամ հաստատելու ուղղությամբ տեսնո՞ւմ եք քաղաքական իշխանությունից եկող ուղերձներ։

-Ես կարող եմ ասել, որ լսում եմ հայտարարություններ, վերջերս միգուցե նաեւ որոշակի  որոշումներ կամ մոտեցումներ՝ կապված բարեվարքության հետ կամ , այսպես ասած, վեթինգի հետ, որը սկսել էր շրջանառվել։ Այդ առումով  ես իմ կարծիքը հայտնել եմ, եթե դա իրենից ներկայացնելու է մի գործառույթ, որի շրջանակում դատավորներին պետք է մանրակրկիտ ստուգեն, իսկ այդ ստուգումը ես  չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է  իր մեջ ներառելու՝ դատավորի անձնական կյանքը, դատավորների հարաբերությունները շրջապատում,  թե՞ զուտ  որպես դատավոր՝ իր կողմից ընդունված դատական ակտերով կամ իր կողմից վարվող դատական նիստերով, բայց ամեն դեպքում, եթե կմշակվեն ողջամիտ մոտեցումներ, որոնք ըստ քաղաքական ուժի, կարող են  նպաստել հասարակության մոտ դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, ես դեմ չեմ։ Կարծում եմ, որ  երկարատեւ աշխատանքի արդյունքում դատավորն  ինքն իրենով ցույց է տալիս, թե ինքն ինչպիսին է՝ անկախ է, անկողմնակալ է, թե  ոչ։  Որոշակի խոսակցություններ կան,  այսպես ասած, օդից կախված լուրեր՝ կոռուպցիոն դրսեւորումներ ցուցաբերելու հետ կապված, ես չգիտեմ, ամեն դեպքում անձամբ ես այդ խնդիրը  չունեմ, բայց եթե ներդրվում է նման մեխանիզմ՝ ի նպաստ դատական իշխանության հեղինակության բարձրացման, խնդիր չեմ տեսնում, եթե իհարկե, դա նսեմացուցիչ չլինի  դատավորների համար։

-Արդեն իսկ  կարծիքներ են հնչում, որ Ձեր նշած բարեվարքության կանոնները հնարավոր է դառնան  մահակ անցանկալի դատավորներից ազատվելու համար, նույնիսկ տեսակետ է հնչում, որ այսպես ասած վեթինգի գործընթացը, որը տարբեր անվանումներով փորձ է արվում իրականացնել, առհասարակ կարող է ուղղված լինել դատական համակարգը զտելուն։ Նման ռիսկեր կա՞ն եւ  ո՞րն է երաշխիքը, որ այս խնդիրը չի առաջանա։

-Այս պահին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, այդ հարցը պետք է ուղղել այն անձանց, ովքեր  ունեն նման նպատակ՝ բարեվարքության մեխանիզմներ անցկացնելու առումով, բայց  ելնելով բարեխղճության կանխավարկածից, ուզում եմ հավատալ, որ դա չի դառնա  մահակ անցանկալի դատավորներից ազատվելու համար եւ  տվյալ դեպքում, պետք է նաեւ  հասկանալ, թե ովքեր են այդ անցանկալի դատավորները, ումից ուզում են,  այսպես ասած, ազատվել  քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Եթե այդ անցանկալի  դատավորները իրականում անցանկալի են ոչ թե քաղաքական  իշխանության ներկայացուցիչների համար, այլ նրա համար, որ ի զորու չեն իրականացնել արդարադատություն, այդ դեպքում, բնականաբար, ես դեմ չեմ, բայց կրկնում եմ, ես չեմ կարող այսօր  նման գնահատականներ տալ, թե ովքեր են ցանկալի կամ ոչ ցանկալի  դատավորները կամ ովքեր են բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ։ Դրա համար եմ ասում ՝ պետք են հստակ մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի դա գնահատել։ Եվ,  ի վերջո, ամենակարեւոր խնդիրը, երբ մենք խոսում ենք դատավորների բարեվարքության մասին, այստեղից այլ խնդիրներ են առաջանում, նախ ովքե՞ր են որոշելու դատավորի բարեվարքությունը համապատասխանում է չափանիշներին, թե՞ ոչ։ Դրա հետ կապված էլ մեկ այլ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ բարեվարքությունը որոշող անձանց բարեվարքությունը  պետք է որոշվի։

- Կոռուպցիայի կանխարգելման  նորաստեղծ հանձնաժողովը պետք է մշակի  պաշտոնատար անձանց ներկայացվող  չափանիշները։ Դուք  կարծիք կարող՞ եք արտահայտել հանձնաժողովի վերաբերյալ։

-Հույս ունեմ , որ ամեն ինչ կլինի նորմալ, իրավական ընթացակարգերի  շրջանակներում, այս պահին ես, ինչպես նշեցի, ելնում եմ բարեխղճության կանխավարկածից։ Ընդ որում, երբ խոսում եմ իրավական ընթացակարգերի  մասին, խոսքը չի վերաբերում միայն նրան, թե օրենքում դա ամրագրում կստանա, թե ոչ, խոսքն  այն մասին է, թե արդյո՞ք այդ ամրագրումներն ու մեխանիզմները  ողջամիտ կլինեն եւ կբխեն մեր սահմանադրության բովանդակությունից, որովհետեւ, եթե զուտ ելնենք օրենսդրական կարգավորումների առումով, այսօր  օրենքում կարելի է հստակ ձեւակերպումներ  նշել, որոնք օրենք կդառնան, բայց կարող են չբխել  Սահմանադրության բովանդակությունից կամ չլինեն ողջամիտ։ Կարծում եմ կլինեն նախագծեր, երբ որոշակիորեն հստակեցվեն, ավելի հեշտ կլինի կարծիք կազմել եւ պատկերացում ունենալ, թե ինչ է սպասվում դատավորներին եւ ինչ նկատի ունեն ՝ ասելով բարեվարքությունը գնահատել։

-Զրույցի սկզբում խոսեցիք դատավորների ծանրաբեռնվածության խնդրից։ Շատերի գնահատմամբ, սա մի խնդիր է որն ազդում  է նաեւ դատական ակտի որակի, ողջամիտ ժամկետների վրա։ Ի՞նչ լուծում եք տեսնում եւ  արդյո՞ք տեսնում եք ջանքեր այս խնդիրը հաղթահարելու ուղղությամբ։

-Իրականում մենք այսօր դատավորների թվաքանակի հետ կապված խնդիր ունենք, բայց խնդիրը տեսնելով ես չեմ կարող ասել, թե քանի դատավոր պետք է ավելացվի, որպեսզի ծանրաբեռնվածությունը էականորեն նվազի եւ  ծայրահեղից գոնե նորմալ աստիճանի հասնի, բայց դա միակ խնդիրը չէ։ Համաձայն եմ, որ որքան դատավորը ծանրաբեռնված է, նրա աշխատունակություն  այդքան նվազում է եւ նա ավելի քիչ ժամանակ է տրամադրում  իր դատական ակտը ձեւակերպելու կամ համապատասխան  գրականություն կարդալու ու ավելի հիմնավոր դատական ակտ կայացնելու առումով, բայց այստեղ մեկ այլ կարեւոր խնդիր ունենք, որը վերաբերում է դատավորների վարձատրությանը։ Եթե մենք համեմատության  մեջ վերցնենք, այո , պետական ապարատում դատավորները, ի համամետ մյուս պաշտոնատար անձանց, քիչ չեն վարձատրվում, բայց այսօր ունենք իրավիճակ, որ եթե նախկինում մարդկանց մոտ դատավոր դառնալը ցանկալի աշխատանք էր  իրենից  ներկայացնում, ապա այսօր , երբ դատավորների թեկնածուների մրցույթ է հայտարարվում , դիմորդների քանակը շատ քիչ է։ Որպեսզի իմ  խոսքը հիմնավոր լինի, օրինակ` բերեմ, կարծեմ տասից ավելի տեղի համար 3 թեկնածու էր հաղթող ճանաչվել։ Այսօր թե աշխատավարձով , թե դատավորի նկատմամբ վերաբերմունքով  պայմանավորված, այսօր պրոֆեսիոնալ  իրավաբանների մոտ դատավոր դառնալու ձգտումները էականորեն նվազել են։ Ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել։

-Պարոն Ռշտունի, անդրադառնանք 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի  կայացրած որոշման հետ կապված զրպարտության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործին։ Գիտենք, Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Դատավոր Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, քանի որ ձեր անունն էլ է շոշափվում, տեղեկություններ ունե՞ք գործի ընթացքի մասին, որեւէ քննչական գործողություն իրականացվե՞լ է Ձեր մասնակցությամբ, հարցաքննվե՞լ եք։

-Որքան տեղյակ եմ, 2 գործ կար, մեկը  կապված էր Դավիթ Գրիգորյանի հետ, կեղծիքի կամ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ, մյուսը կապված մամուլի հրապարակումների հետ, իբրեւ թե մենք մասնակցել ենք այդ որոշումը գրելուն։ Ես ունեմ տեղեկություններ, որ դատավորին զրպարտելու հետ կապված կա քրեական գործ, անկեղծ ասած՝ չգիտեմ էլ,  դատավոր պարոն Պապոյանի հաղորդման հիման վրա է, թե կրկին մամուլի հրապարակումների հիման վրա է այդ գործը  հարուցված, ամեն դեպքում, իմ մասնակցությամբ որեւէ քննչական կամ դատավարական գործողություն տեղի չի ունեցել եւ գործի ընթացքից ես տեղյակ չեմ։

-Ես մեկ հարց,  ի՞նչ եք կարծում ինչու հենց նշված 3 դատավորների, այդ թվում  Ձեր անունը շոշափվեց, որոնք մասնագիտական ու փաստաբանական համայնքում բարձր վարկանիշ են վայելում։

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց իմ անունը սկսեց շահարկվել ոչ միայն այդ  դեպքի հետ կապված, այլ դրանից առաջ, դեռ մեկ տարի առաջ։ Մամուլում եղան հրապարակումներ իմ  շահագրգռվածության մասին, կապերի մասին։ Ես չեմ ուզում  հերքել, այո, նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ ունեցել եւ ունեմ կապեր, այդ թվում նախորդ իշխանությունում պաշտոն զբաղեցնող  անձանց հետ։ Ես անուններ չեմ ուզում նշել, բայց ներկա իշխանությունում պաշտոն զբաղեցնող  անձանց հետ նույնպես ես ունեմ կապեր,այսինքն, եթե ես սովորել եմ դպրոցում, իրավաբանական ֆակուլտետում, ունեմ համակուրսեցիներ,  ընկերներ նույն ֆակուլտետից, ովքեր կարող են զբաղեցնել որոշակի  պաշտոններ, ի վերջո, ես հանդիսանում եմ այս  հասարակության անդամ, բնական է, որ պետք է ունենայի կապեր նախկին իշխանության ներկայացուցիչների  հետ։ Ես չեմ կարծում, որ  մեր հասարակությունում  40-ին մոտ տղամարդը կապ չունենա նախկին կամ  ներկա իշխանության  ներկայացուցիչների հետ եւ զուտ այդ կապն օգտագործվել է ինձ ներկայացնելու  որպես կողմ այս կամ այն հարցի լուծման առումով։ Շատ չեմ ուզում փակագծերը  բացել, որովհետեւ դրանք զուտ ենթադրություններ են, ես չունեմ կոնկրետ տվյալներ, բայց զուտ նախկին իշխանության ներկայացուցիչների  հետ այդ կապերը օգտագործելով նման բան ներկայացնելը տրամաբանական  չէ եւ մամուլում արդեն տարի ու կես է քննարկվում է կոնկրետ գործի հետ կապված իմ շահագրգռվածության, իմ կողմից դատավորի համար  համապատասխան ակտ գրելու հետ կապված, այն դեպքում, երբ այդ դատավորին բարեւելուց կամ ողջությունը հարցնելուց ավելի որեւէ հարաբերություն չեմ ունեցել։ Ընդ, որում, կային հարցեր, որոնք զուտ հարցման արդյունքում կարելի էր ստուգել եւ պետք չէր պետական ռեսուրսն օգտագործել՝ պարզելու համար, որ այդ տեղեկությունները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում այլեւ իրականությունից հեռու են։ Իսկ եզրակացությունները թողնում եմ Ձեզ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ