04 12 2019

Սերժ Սարգսյանի պաշտպանը մանրամասներ է հայտնում․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, նախքան մեղադրանքի հիմնավորվածության մասին խոսելը, ներկայացրեց մի քանի փաստ:

Ըստ նրա, անցած ուրբաթ Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանին որպես վկա  հարցաքննության կանչելու ծանուցագիր էր ուղարկել՝ այսօր ժամը 13։30-ին ներկայանալու համար:

«Շատ հստակ նշվել է անձի դատավարական կարգավիճակը, որը պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը պարտադրում է քննիչին անձին հարցաքննության կանչելուց առաջ ֆիքսել դատավարական կարգավիճակը»,- ասաց Մակինյանը:

Փաստաբանի խոսքով, երբ Սերժ Սարգսյանը ներկայացել է հարցաքննության, քննիչն այդ ժամանակ տեղեկացրել է, որ կասկածանքի շուրջ է հարցաքննվելու:

«Երբ այդ փաստը մեզ հայտնեցին, շատ լուրջ իրավական խնդիր առաջացավ: Քանի որ Սերժ Սարգսյանին հարցեր պիտի ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում  պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ: Այդ իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար՝ հաղթահարվե՞լ է արդյոք նախագահի անձեռնմխելիությունը, թե ոչ»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրենք նույն պահին համապատասխան առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն  իրականացնող մարմնի գործողություններում և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում: 

Ամրամ Մակինյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ