27 11 2019

Բոլորը`այդ թվում Սասուն Խաչատրյանը, ինձ պետք է պատասխան տան. Կոստանյան․ Factor

Բոլորը`այդ թվում Սասուն Խաչատրյանը,  ինձ պետք է պատասխան տան. Կոստանյան․ Factor

Factor.am-ը գրում է․ «Factor.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ

-Պարոն Կոստանյան, երեկ  ՀՔԾ-ն Ձեզ Մարտի 1-ի գործով ներգրավել է որպես մեղադրյալ: Ձեզ առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ ՀՔԾ, ե՞րբ եք պատրաստվում գալ, խնդրում եմ հստակ օր ասել:

– Ես այդ օրը բազմիցս հրապարակայնորեն  ասել եմ: Ինձ համար խնդիր է, որ այս մասին պետք է ամեն օր խոսեմ: 2018 թվականի հոկտեմբերին, թե նոյեմբերին, երբ ինձ հրավիրեցին հարցաքննության ու ես ցուցմունք տվեցի, դրանից հետո՝ մեկ տարվա ընթացքում,  որևէ իրավապահ կառույցի կողմից որևէ գործողություն չի եղել: Ես 2018 թվականին պայմանագիր կնքեցի համապատասխան գործատուի հետ և սեպտեմբերին մեկնեցի Մոսկվա՝ իմ գործով, որովհետև իմ սեմեստրը սկսվեց: Մեկ տարվա ընթացքում որևէ գործողություն, քննարկում չեղավ: Ես ասել եմ, որ երբ սեմեստրն ավարտվի՝ կգամ: Դասավանդումը՝ պայմանագրային պարտավորություն է, որ պետք է կատարվի։ Եթե ես գամ Հայաստան, ապա իմ պայմանագրային պայմանների կատարումը չի լինի, որի ֆինանսական պատասխանատվությունը ես եմ կրում, ոչ թե ՀՔԾ պետը:  

-Խնդրում եմ հստակ ասել՝ ե՞րբ է ավարտվում պայմանագրի ժամկետը:

– Պայմանագիրը սկսվել է 2019 թվականի մայիսից և աշխարհի ցանկացած բուհում սեսիան նույն ժամկետում է ավարտվում:

-Ձեզ մտահոգո՞ւմ է այն, որ վերադառնաք՝ կկալանավորեն, դրա համար չե՞ք գալիս:

-Ինձ դա չի էլ հետաքրքրում, որ մտահոգվեմ:

-ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Դուք խոստացել էիք, որ նոյեմբերի սկզբին ներկայանալու եք նախաքննական մարմին, բայց չեկաք: Պատճառը ո՞րն էր,  նման խոստում տվե՞լ էիք:

– Այո՛, հայտարարել եմ, բայց ասել եմ՝ տղերք, ինձ հրավիրեք որպես վկա: Ասել եմ՝ տղերք ես սեսիա ունեմ, հետևաբար մեկ տարի որևէ բան չի կարող լինել: Ընդ որում՝ իրենց ասել եմ, որ եթե շաբաթական երկու օր եմ դասի, փորձում  եմ, որ շաբաթական դարձնեն չորս օր, որ դասաժամերը լրացնեմ և առավելագույնս շուտ վերադառնամ: Այսօր նայեցի, որ Սասուն խաչատրյանն ասում է՝ դեռ 48 ժամում հնարավոր է Մոսկվայից վերադառնալ, ասեմ՝ 3 ժամում էլ է հնարավոր, աստեղ խնդիրը ոչ թե տոմս գնելու կամ թռիչքի մեջ է, այլ այն օբյեկտիվ պատճառների, որոնց մասին իրենց բազմիցս հայտնվել է: Ես պարտավորություններ ունեմ, երբ կավարտեմ՝ կվերադառնամ: Որևէ մեկը չկասկածի, որ ես վերադառնալու եմ, որովհետև բոլորը՝ այդ թվում Սասուն Խաչատրյանը, ինձ պետք է պատասխան տան:

-Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողներին ասել է, որ եթե Դուք չվերադառնաք, ապա ավելի մեծ ինֆորմացիա կհրապարակվի: Կարո՞ղ եք ասել, թե ինչ տեղեկության մասին է խոսքը:

– Ինձ դա բացարձակ չի հետաքրքրում, ինչ ուզում են՝ կարող են տրամադրել, որովհետև այս քրեական գործի հիմքում մի բան է՝ ցույց տալ իրենց անկարողությունը  Մարտի 1-ի սպանության դեպքերի առնչությամբ:  

-Պարոն Կոստանյան, հեղափոխությունից առաջ քննադատում էիք Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հետ կապված էլ նշում էիք, որ պատերազմի կեսից հրամանատարին չեն փոխում, բայց հեղափոխությունից կարճ ժամանակ անց նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի կողքին եք կանգնած, որովհետև  նա ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ: Հիմա՞ էլ եք նույն կարծիքին, հիմա՞ էլ եք Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած:

– Ես չեմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն է ազնիվ, ես ասել եմ, որ իր նպատակներն են ազնիվ: Եթե դա այդպես է կամ քանի դեռ դա ուղղված է երկրի բարօրությանը, ես իր կողքը կանգնած եմ:

–Դուք ասում եք՝ եթե դա այդպես է, այսինքն՝ հիմա այդ նպատակներն ազնիվ չե՞ն։

-Հիմա դուք գնահատեք: Ես կարծում եմ՝ իր կողմից հռչակված նպատակներն ու սկզբունքներն ազնիվ են, ինչո՞ւ, որովհետև ինքը խոսում էր ժողովրդավարական պետություն սարքելու մասին, բայց գործնականում մենք տեսնում ենք տրամաբանորեն այլ պատկեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ