Սպուտնիկ Արմենիան գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին ու իր նկատմամբ հետախուզում հայտարարելու հեռանկարին։
Գևորգ Կոստանյանի կարծիքով՝ ամբողջ մեղադրանքը կառուցված է այն բանի վրա, որ ինքը որպես նախարարի տեղակալ հանձնարարականներ է տվել ոստիկանության պետին և այլ բարձրաստիճան ոստիկաններին, բայց ոստիկանությունը ռազմականացված կառույց է և հստակ սահմանված է, թե ով կարող է հանձնարարականներ տալ ոստիկաններին, և արդյոք նրանք իրավասու են դրանք կատարել: Հետևաբար դրա վրա ինչ-որ վարկած կառուցելը, ըստ Կոստանյանի, ինքնին անընդունելի է:
«Երկրորդ՝ խոսում են ներկայացված ինչ-որ հարցաշարի մասին, բայց առիթ եմ ունեցել ասելու, որ նման հարցաշարեր այսօր էլ Եվրոպայի խորհրդի տարբեր պաշտոնյաներ ներկայացնում են տարբեր պետական մարմիններին կամ կառավարությանն ամբողջությամբ: Դրա վրա հիմնվելն առնվազն անարգանք է Եվրոպայի խորհրդի գործունեության նկատմամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազը:
Անդրադառնալով իր հանդեպ հետախուզում հայտարարելու հեռանկարին՝ Կոստանյանը նշեց, որ մեկ տարի գտնվել է Հայաստանում այն պահից սկսած, երբ իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության և դրանից հետո իր նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել: Այդ ընթացքում պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով:
«Ես տեղեկացրի, որ դասերն ընթանում են, և ես իմ պարտավորությունները պետք է կատարեմ, հետո վերադառնամ Հայաստան: Նույնիսկ խնդրել եմ 3-4 անգամ ավել մտնել լսարան, որպեսզի պարտավորությունների շրջանակում իմ ժամաքանակը շուտ լրանա: ՀՔԾ-ի շտապողականությունն ու նման փաստարկները վերաբերվում են արհեստականությանը: Շոու են կազմակերպում՝ հնարավորինս հնչեղ անուններ ներգրավելով, որպեսզի ցույց տան Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա»,- նշեց ՀՀ նախկին գլխավոր դատախազը:
Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ ուսումնական կիսամյակը վերոհիշյալ բուհում կավարտվի դեկտեմբերի վերջին, իսկ առավելագույնը հունվարի 6-ին կավարտվի քննական շրջանը, ինչից հետո նոր կվերադառնա Հայաստան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը