Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ ծանր հանցագործության կատարման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, պարտավոր լինելով ապահովել գործով հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը, միաժամանակ ամենայն հարգանքով վերաբերվելով փաստաբանի գործունեությանը և ապահովելով փաստաբանական գաղտնիքը պահպանելու օրենքի պահանջը, գործի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով, փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվության առկայության պայմաններում, 2019 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսել է խուզարկություն կատարել ՀՀ փաստաբանական պալատի փաստաբաններից մեկի գրասենյակում, ինչը որևէ կերպ չի առնչվել վերջինիս փաստաբանական գործունեությանը և փաստաբանի գործառույթներին, քանի որ անմիջականորեն ուղղված է եղել հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կայացած փաստաբանության ինստիտուտի դերն ու նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ տարաբնույթ շահարկումներից և իրավական բնույթի հարցերը բարձրաձայնել և լուծել զուտ իրավական հարթությունում, ինչպես նաև ավելորդ չի համարում հիշեցնել, որ փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ, իսկ քրեական գործով քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, թեկուզ մասնագիտական գործունեությունը պաշտպանելու նկատառումներից ելնելով, առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը