Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը, այլք:
Ռուստամ Բադասյանը, ողջունելով բարձրաստիճան պատվիրակությանն Արդարադատության նախարարությունում, ընդգծել է համագործակցությունը զարգացնելու ներուժի առկայությունն ու անհրաժեշտությունը:
Իտալիայի ԲԴԽ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ արդեն իսկ հասցրել են հանդիպել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ծանոթանալ նորաստեղծ մարմնի գործառույթներին և բացահայտել նմանություններն ու տարբերությունները: Այդ համատեքստում Դավիթ Էրմինին ընդգծել է հայ գործընկերների հետ արդեն իսկ ձեռք բերած պայմանավորվածությունը՝ հայ-իտալական երկու կառույցների միջև փոխգործակցությունը զարգացնելու և առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ:
Նախարար Բադասյանը ողջունել է հուշագրի ստորագրմամբ փորձի փոխանակմանը նպաստող պայմանավորվածությունը և անդրադարձել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի հետ սերտ համագործակցության արդյունքում մշակված դատական ոլորտի բարեփոխումներին միտված օրենսդրական փաթեթների բովանդակությանը՝ ուղղված ներդրվող նոր գործիքների միջոցով դատավորների բարեվարքության ստուգմանը, որը լավագույնս նկարագրված է Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար դատական համակարգի ներսում՝ միաժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը:
Կարևորելով նաև դատավորների սոցիալական երաշխիքների ամրապնդման անհրաժեշտությունը՝ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ կա քաղաքական որոշում՝ 2020 թվականից էականորեն բարձրացնելու դատավորների աշխատավարձերը:
Դավիթ Էրմինին պատիվ է համարել հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող Հայաստանի հետ համագործակցությունը և սերտ ու արդյունավետ գործընկերության պատրաստակամություն է հայտնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը