19 11 2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը լքեց դատարանի դահլիճը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը լքեց դատարանի դահլիճը

Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստի ժամանակ քննվում էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ ներկայացնելու հարցը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը խոսք տվեց տուժողների իրավահաջորդներին՝ ճշտելու համար՝ միանո՞ւմ են ինքնաբացարկի միջնորդությանը, թե՝ ոչ։ Նախ խոսեց Սարգիս Քլոյանը։ Ասաց, որ ասելիք ունի և սկսեց վերլուծել, թե ինչից առաջացավ մարտի 1-ը, ով է մեղավորը։ Ասաց, որ ընտրությունները կեղծվել են, ինքը տեսել է, որ մեշոքներով փող էին բաժանում և այլն։ Ու դատախազի մասին խոսելիս, մի քանի անգամ շեշտեց՝ «մեր Պետրոս Պետրոսյանը»։ Դատավոր Դանիբեկյանը մի քանի անգամ նախազգուշացրեց, ինչը Քլոյանը բանի տեղ չդրեց ու շարունակեց միտքը՝ վերջում ցիտելով Նիկոլ Փաշինյանին, թե՝ «Կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, կեցցենք մեր և մեր երախները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում։ Դուխով»։ Այնուհետև ելույթ ունեցավ մեկ ուրիշը՝ դարձյալ տուժողների իրավահաջորդներից և ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որ հիմա դատարանի դրսում ակցիա են անում, մարտի 1-ին մեքենաներ են վառել, խանութներ են թալանել և այլն։ Դատավոր Դանիբեկյանը որևէ անգամ չընդհատեց տուժողին՝ թողնելով, որ ասի սրտի ուզածը։ Պաշտպանական կողմի փաստաբանները դժգհոհեցին, որ դատավորը թույլ է տալիս շեղվել թեմայից և վիրավորական արտահայտություններ թույլ տալ։ Իսկ փաստաբան Սևակ Թորոսյանը լքեց նիստերի դահլիճը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ