07 11 2019

Բաբայանի ձերբակալումը ոչ իրավաչափ համարելու որոշումը չի բողոքարկվել․ Փաստինֆո

Բաբայանի ձերբակալումը ոչ իրավաչափ համարելու որոշումը չի բողոքարկվել․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է ․«ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ համարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Դատախազությունը դեռ չի բողոքարկել։

Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մի քանի օր էլ կսպասեն հստակ իմանալու՝ կբողոքարկեն, թե ոչ։ «Ես հակված եմ նրան, որ դժվար թե բողոքարկի, որովհետև ձերբակալման ոչ իրավաչափությունն ակնհայտ է նաև նրանց համար և այդ ապօրինությունն ակնհայտ էր նաև Արսեն Բաբայանին ձերբակալելիս»,- նշեց Վարոսյանը։ Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք այդ որոշումը չբողոքարկելով՝ Դատախազությունը փաստացի ընդունում է ձերբակալելու ոչ իրավաչափությունը, ապօրինությունը՝ պաշտպանը պատասխանեց, որ կարելի է այդպես մեկնաբանել։ «Եթե պատկերացնենք, որ նրանք փորձեն բողոքարկել, պետք է բողոքում ինչ որ բան գրեն։ Չեմ պատկերացնում, թե ինչ պետք է գրեն։ Ի՞նչ փաստարկներ հնարավոր է բերել ակնհայտը հերքելու համար »,- ասաց Վարոսյանը։

Ձերբակալելու որոշման ապօրինություն ընդունելով արդյոք այդպիսով դատախազությունը չի փաստի, որի Արսեն Բաբայանի ձերբակալությունը եղել է քաղաքական որոշման արդյունք՝ հարցին ի պատասխան փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատախազությունը երբեք չի ընդունի, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունը եղել է քաղաքական որոշում։ «Դուք չեք գտնի մարդկության պատմության մեջ մի պետություն, որը քաղաքական հետապնդում անի և պետական մարմինը կամ իշխանության ներկայացուցիչը դա ընդունի»,- ասաց պաշտպանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանին ձերբակալությունը, սակայն բավարարեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Այսօր լրանում է որոշման բողոքարկման համար նախատեսված ժամկետը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան դատախազությունից հայտնեցին, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ