Փաստինֆո-ն գրում է․ «Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան՝ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ֆակուլտետի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի անգործությանը։
Մեր հարցին, արդյո՞ք խնդրահարույց չէ, որ ՍԴ դատավորը չի մասնակցում Բարձր դատարանի աշխատանքներին եւ ըստ էության, փաստացի, չի իրականացնում ի պաշտոնե իրեն վերապահված իրավունքները, բայց օգտվում է այն բոլոր սոցիալական երաշխիքներից, որից օգտվում են ՍԴ մյուս դատավորները, որոնք իրականացնում են ի պաշտոնե իրենց վերապահված լիազորությունները, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ թե խնդրահարույց է, այլ, հակառակը, ամեն բան շատ պարզ է։ ՀՀ ՍԴՕ 12-րդ հոդ․ 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը։ Եվ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում կատարելը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է։ Քանի որ Վահե Գրիգորյանն ինքը հրապարակավ հայտարարել է, որ չի մասնակցում դատարանի նիստերին, ուստի Ազգային ժողովը պարտավոր է ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 1-ին կետի, 168-րդ հոդ․ 10-րդ կետի և 164-րդ հոդ․ 9-րդ մասի հիման վրա դիմել Սահմանադրական դատարան նրա լիազորությունները դադարեցնելու դիմումով»։
Մասնագետը շեշտեց՝ գործող Սահմանադրության ու օրենքների կիրառումը պետական մարմինների պարտականությունն է, այլ ոչ թե իրավունքը։ «Պետական մարմինները չունեն սուբյեկտիվ իրավունքներ այն իմաստով, ինչ ունեն մասնավոր անձինք, այսինքն՝ որևէ բան անելու կամ չանելու լիակատար ազատություն։ Ակնհայտ էական կարգապահական խախտման առկայության պարագայում Ազգային ժողովը չի կարող որոշել, որ միևնույնն է, չի դիմում Սահմանադրական դատարան խախտում թույլ տված դատավորի լիազորությունները դադարեցնելու դիմումով։ Այդ դիմումը ներկայացնելը Ազգային ժողովի պարտականությունն է»։
Գոռ Հովհաննիսյանի խոսքով, Վահե Գրիգորյանի այն պատճառաբանությունը, թե իբր Սահմանադրական դատարանի իրավազոր նիստ չի գումարվել, դրա համար էլ ինքը չի մասնակցել դրանց, գոնե իր համար ոչ թե վիճելի փաստարկ է, այլ այն ընդհանրապես քննարկման արժանի փաստարկ չէ։
«Այդ փաստարկը նրա բացակայությունները չի դարձնում հարգելի ՀՀ ՍԴՕ 12-րդ հոդ․ 2-րդ մասի 5-րդ կետի իմաստով։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր ցանկացած պահի կարողանար իր համար անցանկալի նիստերին չմասնակցել՝ պատճառաբանելով, որ այդ նիստերն իր կարծիքով իրավազոր չէին։ Բնականաբար, միշտ էլ կարելի է ինչ-որ փաստարկ ներկայացնել սեփական դիրքորոշումը հիմնավորելու համար։ Եվ եթե յուրաքանչյուր դատավորի փաստարկը հալած յուղի տեղ ընդունվի, ապա մենք գործունակ Սահմանադրական դատարան չենք ունենա»։
Բացի այս, մասնագետի խոսքով, ՀՀ ՍԴՕ 14-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները, որոնց խախտումը դատավորին Սահմանադրական դատարանի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է։ « Ըստ նշված նորմի՝ բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց (1-ին մասի 1-ին կետ), զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (1-ին մասի 5-րդ կետ), զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է դնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը (1-ին մասի 7-րդ կետ)։
Երբ Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակավ հայտարարում է, թե ՀՀ-ում չկա Սահմանադրական դատարան, սակայն որի դատավոր է ինքն իրեն կոչում, ստանում է դատավորի աշխատավարձ, օգտվում դատավորի բոլոր արտոնություններից, բայց չի կատարում դատավորի իր պարտականությունները, ապա նրա այդ վարքը դատավորի վարքագծի կանոնների խախտում է և առաջացնում է կարգապահական պատասխանատվություն։
Եվ ինչպես որ Ազգային ժողովի մասին ասացի, Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնելը, որի համար իրավասու են Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավորներ (ՀՀ ՍԴՕ 82-րդ հոդ․ 1-ին մաս), ոչ թե իրավունք է, այլ պարտականություն։ Սահմանադրական դատարանի մյուս դատավորները պարտավոր են կարգապահական վարույթ հարուցել դատավորի վարքագծի կանոնները խախտող յուրաքանչյուր դատավորի նկատմամբ»,-եզրափակեց Գոռ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, մամուլը բազմիցս է գրել, որ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքը բոյկոտում է, թեեւ նա աշխատասենյակ է զբաղեցնում, ունի աշխատակազմ, աշխատավարձ եւ պարգեւավճար է ստանում, սակայն չի մասնակցում ՍԴ նիստերին, աշխատակարգային որոշումների քննարկմանը, ինչպես նաեւ չի զբաղվում իրեն մակագրված գործերով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը