06 11 2019

Սա Ռուսլան Բաղդասարյանի ակտիվությանը ճնշելու տարբերակ է. փաստաբան․ News.am

Սա Ռուսլան Բաղդասարյանի ակտիվությանը ճնշելու տարբերակ է. փաստաբան․ News.am

Ոստիկանները բացահայտել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ապօրինությունները, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։ Ըստ քննությամբ պարզված տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 մլն դրամից ավելի գումար։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են»,-ասված է  ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Գործի առթիվ News.am-ը գրում է․ «Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանը հերքում է Բաղդասարյանի անօրինական գործունեության վերաբերյալ ցանկացած վարկած։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Ռուսլան Բաղդասարյանի փաստաբանը։

Հրանտ Անանյանի խոսքով՝ անընդունելի է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում շտաօում են անձի պատիվն ու արժանապատվությունը կասկածի տակ դնող հայտարարություն հրապարակել.

«Այն պայմաններում, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալների ձեռք բերման համար, գուցե մարդիկ տվել են բացատրություն, բայց նրանք չեն նախազգուշացվում, որ սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու։ Շտապել հրապարակել, թե իբր 9 միլիոն դրամի հափշտակություն է իրականացրել, դա նշանակում է անհատից շահադիտական դրդումներով ապօրինի գանձել սեփական կամ ուրիշի մեկ այլ անձի սեփականությունը հանդիսացող գույքը։ Պետք է նման հրապարակում անելուց առաջ պատշաճ հիմնավորեին»։

Փաստաբանն ասել է, որ իրենց քրեական գործը հարուցելու վերաբերյալ որոշում առայժմ չի տրվել. «Այս պայմաններում ինչպե՞ս է ոստիկանությունն արդեն հասցրել հիմնավորել եւ  նման տեղեկություն տարածել, իմիջայլոց իրենց հրապարակման ձեւակերպումը շատ զգուշավոր է։ Մենք դեռեւս Քննչական կոմիտեից հրավեր չենք ստացել, մեզ համար է անակնկալ եղել»։

Անանյանը նաեւ չբացառեց այն տարբերակը, որ գուցե սա նաեւ Բաղդասարյանի քաղաքական ակտիվությանը ճնշելու տարբերակ է. «Պարոն Բաղդասարյանը բավականին ակտիվ է քաղաքական դաշտում, եւ լրջորեն քննադատում է նաեւ քաղաքային իշխանությանը։ Չի բացառվում, որ հաղորդում ներկայացնողները հենց քաղաքային իշխանության ներկայացուցիչներ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ