31 10 2019

Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել երեխայի ընտանիքի փաստաբան Տիգրան Աթանեսյանը. «Երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին:  

Դավիթ Սանսարյանը հերքել էր դեպքի մասին հրապարակումները, այնուհետև, երբ հրապարակվել էր երեխայի ու մոր տեսանյութը դեպքի մասին, Դավիթ Սանասարյանը գրել էր, որ չի նկատել, որ երեխա է դուրս եկել մեքենայի դիմաց: 

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ