Top-news.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարանի գրավումն ինքնանպատակ չէ: Առանց Սահմանադրական դատարանն իր լիակատար վերահսկողության տակ վերցնելու նա չի կարող իրականացնել իր հիմնական նպատակները:
Իմքայլական որոշ պատգամավորներ նեղվում են, երբ լրագրողները, քաղաքագետները, վերլուծաբաններն ասում են, թե Փաշինյանն ուզում է գրավել Սահմանադրական դատարանը, ասելով, թե դա այդպես չէ: Ցավոք, իրականությունն այն է, որ այն ինչ կատարվում է ՍԴ-ի շուրջ այն գրավելու անթաքույց փորձ է: Ընդ որում, այդ նպատակն իրականություն դարձնելու համար իշխանությունները կարմիր եւ անթույլատրելի գծեր են անցնում:
Վարչապետը, որը հանրությանը թյուրիմացության մեջ էր գցում, հայտարարելով, թե գալիս է իշխանության Հայաստանը ժողովրդավարության ռելսերի վրա դնելու համար, այսօր չի էլ թաքցնում, որ ձգտում է բացարձակ միանձնյա իշխանության: Ամբողջությամբ վերահսկել գործադիր, օրենսդիր, դատական, եւ որ ամենացավալին է՝ չորրորդ իշխանությունը:
Այժմ նա լիակատար վերահսկողության է վերցրել գործադիր եւ օրենսդիր իշխանությունը, գրեթե ամբողջությամբ դատական իշխանությունը, բացառությամբ մի քանի դատավորների եւ Սահմանադրական դատարանի եւ դեռ հեռու է լրատվական դաշտն ամբողջովին վերահսկելու երազանքն իրականացնելուց:
Սահմանադրական դատարանը Փաշինյանին պետք է նաեւ սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար, որը թույլ կտա մեծացնել առանց այն էլ իր գերիշխանությունը:
Փաշինյանին ՍԴ-ն պետք է նաեւ, որքան էլ տարօրինակ հնչի, Արցախի հարցում այս կամ այն որոշումն անցկացնելու եւ դրանից իր պատասխանատվությունը հանելու համար:
Ի դեպ, առանց ՍԴ-ն վերահսկելու եւ խամաճիկային մարմնի վերածելու անհնար կլինի վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան եւ շահագործել Ամուլսարը, եթե իհարկե, գործը հասնի դատական գործընթացի:
Կարճ ասած, ՍԴ-ն իր լիակատար վերահսկողության տակլ վերցնելն այժմ Փաշինյանի կարեւոր նպատակլն է եւ այդ ճանապարհին նա պատրաստ է ոտնատակ տալ անգամ բարոյական շատ ու շատ արժեքներ, օրենքներ եւ կանոններ:
Հակոբ Ասատրյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը