Aysor.am-ը գրում է.
«Եթե լայն համատեքստում դիտարկենք, թե վերջին ամիսներին ինչ է ասվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին և ինչ գործողություններ են իրականացվել, ապա տպավորություն է ստեղծվում, որ առկա է նրանից ազատվելու քաղաքական օրակարգ։ Սակայն դա ի սկզբանե անհարիր է քրեական հետապնդման հետ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելու հանգամանքին։
«Իհարկե, քաղաքական հետապնդումը քրեական գործի նյութերում չի երևում։ Դա, կարելի է ասել, քաղաքական օրակարգ է, և հարցն այն է, որ իշխանությունները դա չեն էլ ժխտում։ Ուղղակի պետք է սպասել, տեսնել, թե քրեական գործն ինչ ընթացք կունենա։ Համենայնդեպս, նման գործ Հայաստանում երբեք չի եղել։ Դեռ չգիտենք՝ այն նախադեպ կդառնա՞, թե՞ ոչ։ Ընդամենը քրեական գործ է հարուցվել. ինչպես հարուցվել է, այնպես էլ կարող է կարճվել», - ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ինքն իր պրակտիկայում չի հիշում մի դեպք, երբ անձի՝ պաշտոնի անցնելն ինքնին դիտարկվի որպես իշխանության յուրացում։
Արա Ղազարյանի խոսքով՝ հարց է նաև, թե ինչպես է իշխանության յուրացման դրույթն ապացուցվելու։
«Հիշեցնեմ, որ քրեական իրավունքում ենթադրությունների հիման վրա չի կարելի անձին ոչ մեղադրանք առաջադրել, ոչ դատապարտել։ Պետք է լինի ապացույց, փաստական տվյալ։ Ամեն ինչ շատ անորոշ է», - ամփոփեց մեր զրուցակիցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը