Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․
«Արդեն երկու օր շրջանառվում են Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ենթադրյալ ձեւակերպումները եւ մեկնաբանությունները։ Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը հարցի նկատմամբ՝ ներկայացնում եմ քիչ առաջ հրապարակված պաշտոնական եզրակացության վերաբերելի հատվածի թարգմանությունը.
«58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։
59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետահեղափոխական կոնտեքստում եւ այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման(ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։
60.Նախեւառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆՔ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ԹԵ ՀԵՏՈՈ, ՊԵՏՔ Է ՕԺՏՎԱԾ ԼԻՆԵՆ ՄԻԵՒՆՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ։ Ինչ վերաբերում է, մինչեւ 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ եւ ազդել են մեծ թվով դատավորների վրա։Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների ԿԱՄԱՎՈՐ որոշման վրա։ Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ) ՃՆՇՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՄ ԵՐԲ ԱՅՆ ՆԱԽԱԳԾՎԱԾ ՉԷ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ԵԼՔԻ ՎՐԱ, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։»
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից եւս մեկ անգամ պարզ է դառնում, որ
Ա.Հանձնաժողովը որեւէ տարբերություն չի դնում մինչեւ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները ընտրված եւ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված դատավորների միջեւ։
Բ.Հանձնաժողովը դիտարկում է վաղ կենսաթոշակի անցման միայն մեկ սխեմա, այն է՝ երբ ՍԴ դատավորները կենսաթոշակի են անցնում ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ոչ մի վարչական կամ որեւէ այլ գործիքակազմ չպետք է կիրառվի (Օսիպյանի եւ Վանեցյանի ականջը կանչի)։ Դատավորները պետք է գնան վաղ կենսաթոշակի միայն այն պարագայում, եթե իրենք են այդպես կամենում, ոչ թե որպես միակ միջոց ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ խուսափելու համար։
Ավելին` Հանձնաժողովը կարեւորում է, որ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չդառնա միջոց ՍԴ-ում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու համար։
Հ․Գ. Մի շատ կարեւոր դիտարկում եւս` Հանձնաժողովը քննարկում է այն վտանգը, երբ ինը դատավորներից յոթը հրաժարական ներկայացնեն, ուստի առաջարկում է վերանայել առաջարկվող դրույթը այդ մտահոգության լույսի ներքո, այսինքն՝ չի կարող երկրում լինել իրավիճակ, երբ Սահմանադրական արդարադատության պատասխանատուն մնան Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը