Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Ինչպես առավել վաղ հայտնել էի, ես և իմ գործընկեր Վահե Եփրիկյան-ը միջնորդել էինք, որպեսզի Մութաֆյանի և Օհանջանյանի գործով ձերբակալվի և հարցաքննվի նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ դատարանի նկատմամբ <<վնգստացող>> եզրույթը առաջին անգամ կիրառել է նա:Հանրությունը սխալ ընկալեց այս միջնորդությունը և այն որակեց հակահեղափոխական:
Ի սկզբանե ցանկանում եմ ընդգծել, որ ես անվերապահորեն աջակցել եմ հեղափոխությանը և վերջինիս լիդերին: Ներկայումս ես փաստաբան եմ և որևէ քաղաքական միավորի աջակցելու իրավունք չունեմ՝ հասարակական պարտքի բերումով. ինձ համար բոլորը մեղավոր են կամ բոլորը անմեղ են, քաղաքական ճաշակը իմ գործունեության մեջ տեղ չունի: Անտրամաբանական է փաստաբանից պահանջել կանգնել իշխանության կողքին: Փաստաբանը պետությանը դիմադրող, զսպող ինստիտուտ է: Եթե փաստաբանությունը պետության կողքին է, պետության մեջ ինչ-որ մի բան սխալ է ընթանում:
Ըստ այդմ՝ ինձ համար օրենքի առջև հավասար են բոլորը՝ վարչապետները, ակտիվիստները, նախարարները, պատգամավորները, աներձագները և այլն: Մութաֆյանի և Օհանջանյանի գործով Նիկոլ Փաշինյանը եղել է օրենքի առջև առավել հավասար, քան վերջիններս: Սա անընդունելի է:Եթե պետության ազդակ-ռեակցիան այն է, որ դատավորին <<վնգստացող անվանելը>> միջամտություն է հարցի քրեաիրավական իմաստով, ապա քրեաիրավական տիրույթ պետք է ընկնեն բոլոր նրանք, ովքեր դատավորին <<վնգստացող>> կանվանեն:
Հակառակ պարագայում խախտվում են օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սահմանադրաիրավական պատգամները:Ի դեպ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գրավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնրոդությունը ներկայացվել է սույն թվականի սեպտեմբերի 28-ին, սակայն մինչ օրս որևէ պատասխան մեզ չի տրամադրվել:
Այս առումով՝ ՀՀ Քննչական Կոմիտե-ից պահանջում եմ պարզաբանումներ՝ ինչու է մեր միջնորոդությունը արհամարհվել՝ քրեադատավարական կարգի խախտմամբ, և ով է պատասխանատու դրա համար. պահանջում եմ լուծել իրավասու քննիչի կարգապահական պատասխանատվության հարցը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը