08 10 2019

Ի՞նչ էր անում Աննա Դանիբեկյանը, երբ կողոպտվում էր «Նաիրիտը»․ 168.am

Ի՞նչ էր անում Աննա Դանիբեկյանը, երբ կողոպտվում էր «Նաիրիտը»․ 168.am

168․am-ը գրում է․ «Բոլորն են հիշում, որ «Նաիրիտ» գործարանի 18 աշխատակիցներ, ովքեր 2700-ի հետ միասին ստորագրել էին պայմանագիր՝ աշխատավարձի մայր գումարը ստանալու և տույժ-տուգանքներից հրաժարվելու մասին, դատարանում պայքարում էին իրենց ոտնահարված իրավունքների համար:

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները դատի էին տվել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին՝ պահանջելով չեղյալ համարել աշխատավարձերի ստացման համար ստորագրված պայմանագրի 2-րդ կետը, ըստ որի՝ նրանք հրաժարվում են աշխատավարձերի ուշացման տույժ-տուգանքներից: Նաիրիտցիները դա համարում են ստորացուցիչ պայմանագիր, քանի որ ստիպված են եղել ստորագրել՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական վատ վիճակը:

«Մենք չենք ասում՝ ատրճանակը դրել են մեր գլխին՝ ստիպել են: Բայց մենք այլ տարբերակ չենք ունեցել»,- ասում էին բողոքող նաիրիտցիները:

Բայց մի ուշագրավ հանգամանքի վրա այս ամենի մեջ, այնուամենայնիվ, արժե ուշադրություն դարձնել:

2003-2007թթ. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ, աշխատել է ներկայումս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Մարտի 1»-ի գործը քննող Աննա Դանիբեկյանը, ով այսօր որպես տուժող է անցնում Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի քրեական գործով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին նշված երիտասարդներից Նարեկ Մութաֆյանը, երեկոյան այգում հանդիպելով դատավոր Աննա Դանիբեկյանին, վերջինիս հարց էր ուղղել, թե արդյո՞ք ինքն իրեն համարում է վնգստացող դատավոր, ինչպես վարչապետն էր պնդում նման դատավորների առկայության վերաբերյալ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ համաձայն էր նրա հետ, և եթե չի համարում իրեն վնգստացող դատավոր, ճանաչո՞ւմ է այդպիսիներին:

Սարգիս Օհանջանյանը սոսկ տեսանկարահանել էր այդ ամենը:

Տղաներին ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին, ապա կալանավորեցին, իսկ Աննա Դանիբեկյանին թիկնապահ տրամադրվեց:

Հարց է ծագում՝ մի՞թե հնարավոր է, որ «Նաիրիտ» գործարանում տեղի ունենա նման ծավալի կողոպուտ, ու իրավաբանական բլոկի պատասխանատուն դրանից տեղյակ չլինի:

Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ աշխատավարձերի ստացման, տույժ ու տուգանքների վճարման, առհասարակ վարկային, բանկային որևէ գործարքի վերաբերյալ բանակցություններն աշխատակիցների հետ վարվեին առանց վերջինիս գիտության ու համաձայնության:

Չէ՞ որ նույնիսկ ամենաաննշան փաստաթղթերը նմանատիպ հիմնարկություններում կազմվում են առնվազն իրավաբանի գիտությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ