04 10 2019

Վերաքննիչն առանց քննության է թողել Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքը․ Փաստինֆո

Վերաքննիչն առանց քննության է թողել Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքը․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, որոշել է առանց քննության թողնել Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Բանն այն է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 2-ի՝ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին իր որոշման հետ մեկտեղ միանձնյա որոշում էր կայացրել նաեւ Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին՝ նշելով, որ այն հիմնավոր է, եւ այն կիրառելու հիմքերն ու պայմանները շարունակում են առկա լինել: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Վերջինս բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է՝ ասելով, որ բողոքարկվել է դատական այնպիսի ակտ, որը ենթակա չէ անմիջական վերաքննիչ բողոքարկման: Վերաքննիչ դատարանը դատավոր Ա. Մնացականյանի նախագահությամբ թվարկել է Առաջին ատյանի դատարանի՝ Քրեական դատավարության օրենսգրքով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները՝ նշելով, որ դրանցում ներառված չէ խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշումը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հիշատակել է Վճռաբեկ դատարանի՝ ԵԿԴ/0274/01/15 գործով նախադեպային որոշումը, ըստ որի՝ օրենսդիրը, սահմանափակելով հիշյալ որոշման վերադասության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը, ըստ էության, նպատակ է հետապնդել երաշխավորելու, ի թիվս այլոց, Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի բնականոն քննության ապահովումը, ինչպես նաև ստորադաս դատարանի ներքին անկախությունը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այս որոշմանը՝ Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ այն ապօրինի որոշում է. «Վերաքննիչ դատարանն առաջնորդվել է բացառապես այն հանգամանքով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշման բողոքարկման հնարավորություն, այլ նախատեսում է միայն խափանման միջոցն ընտրելու եւ վերացնելու մասին որոշումների բողոքարկման հնարավորություն, մինչդեռ Վերաքննիչ ատյանը պետք է առաջնորդվեր ոչ թե Քրեական դատավարության օրենսգրքի թերի բացերով, այլ մարդու իրավունքների գերակայության սկզբունքով, քանի որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների խախտման եւ սահմանափակման վերաբերյալ կայացրած որոշումները վիճարկելու հնարավորություն պետք է ունենա: Հենց դրանում է կայանում արդար դատաքննության իրավունքի հիմնական էությունը»,-նշեց պաշտպանը:

Անդրադառնալով Վերաքննիչ ատյանի երկրորդ հիմնավորմանը, ըստ որի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը դատական ստուգման ենթարկելով՝ Վերաքննիչ դատարանը կմիջամտի մայր քրեական գործի եւ դատարանի անկախությանը, Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը դատական վերահսկողության առարկա է դարձնում Առաջին ատյանի՝ դատական քննության նախապատրաստական փուլում կայացրած դատական ակտը, հետեւաբար դա չի կարող դիտվել որպես միջամտություն մայր քրեական գործի նկատմամբ. «Նշված դատական փուլում քրեական գործն ըստ էության չի քննվում, այլ կերպ ասած՝ տվյալ փուլում ապացույցների հետազոտում չի իրականացվում, այլ ընդամենը քննարկվում է մեղադրյալի իրավունքի՝ ազատության, ազատ տեղաշարժման սահմանափակում նախատեսող խափանման միջոցի փոփոխման կամ վերացման հարցը, որի շրջանակներում Վերաքննիչ ատյանի միջամտությունը չի կարող ազդել գործի ելքի վրա. միջամտությունը այնպիսի ներգործությունն է, որը կարող է ազդել գործի ճիշտ լուծման վրա, որպիսին կարող է լինել միայն ապացույցների հետազոտման փուլում, քանի որ գործի ելքը որոշվում է միայն ու միայն ապացույցների հետազոտման արդյունքում, իսկ ինչպես վերը նշեցի, նախապատրաստական փուլում ապացույցների հետազոտում չի իրականացվում, հետեւաբար ոչ մի միջամտության մասին էլ խոսք լինել չի կարող»:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի հիշյալ նախադեպային որոշմանը, ապա ըստ Ալեքսանյանի՝ այդ դիրքորոշումը ունեցել է ոչ թե իրավունքի զարգացման, այլ Վերաքննիչ ատյանը բեռնաթափելու նպատակ:

Հավելենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, ում որոշմամբ էլ այդ հարցը քննության առարկա կդառնա դատական քննության փուլում` դատական նիստում, կողմերի մասնակցությամբ, լսելով վերջիններիս դիրքորոշումները:

Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ