03 10 2019

Սահմանադրական դատարանի դիմումը ՄԻԵԴ ճանաչվել է ընդունելի. Սարգիս Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դիմումը ՄԻԵԴ ճանաչվել է ընդունելի. Սարգիս Գրիգորյան

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար ՍԴ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը։ Այս մասին զրուցել ենք GPARTNERS իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանի հետ:

Ինչպե՞ս կմենկաբանեք ՄԻԵԴ-ի վարույթ ընդունելու մասին որոշումը:

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հոկտեմբերի 2-ին վարույթ ընդունելով Սահմանադրական դատարանի դիմումը` փաստացի արձանագրել է երկու կարևոր հանգամանք։ Առաջինը, որ դիմումը բավարարում է 16-րդ արձանագրության 1-ին հոդվածով սահմանված պահանջները. այն է ` դիմումը վերաբերում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կիրառման կամ մեկնաբանման հարցերին։ Երկրորդ, որ Սահմանադրական դատարանը այն ներպետական մարմինն է, որն իրավասու է Արձանագրության 10-րդ հոդվածի շրջանակներում դիմել ՄԻԵԴ։

Այսինքն` Սահմանադրական դատարանի այդ դիմումը ամբողջությամբ բավարարում է Արձանագրության բոլոր պահանջները։

ՄԻԵԴ-ի պրակտիկայում սա երկրորդ դիմումն է, որն ընդունվում է վարույթ 16-րդ արձանագրության շրջանակներում, ինչը վկայում է, որ ՄԻԵԴ-ն ամենայն խորությամբ ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի դիմումի բովանդակությունը մինչև այն վարույթ ընդունելը։

Հարկ է նշել, որ վարույթ ընդունելու մասին որոշումը կայացվել է կոլեգիալ` հինգ դատավորների կազմով։ Հաջորդիվ, ՄԻԵԴ-ի Մեծ պալատը, ուսումնասիրելով Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված փաստաթղթերը, տրամադրելու է խորհրդատվական կարծիք։

Հիշեցնեք, որ Սահմանադրական դատարանը նաև դիմել է Վենետիկի հանձնաժողովին այլ հարցերի ծավալով, այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ի այս որոշումը չի կարող իր արտացոլումը չունենալ Հանձնաժողովի հետագա կարծիքի վրա։ Այս որոշումը նաև հաշվի կառնվի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք ուշիուշով հետևում են Մարտի 1-ի գործով ընթացիկ զարգացումներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ