01 10 2019

Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. Արամ Վարդևանյան. «Փաստինֆո»

Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. Արամ Վարդևանյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրել է. «Վերաքննիչ դատարանի այս որոշումը որևէ կերպ չի բխում թե Սահմանադրության արդար դատաքննության իրավունքից, ինչը ոչ միայն սահմանադրական երաշխիք է, այլ նաև կոնվենցիոնալ, թե անձնական ազատության իրավունքից, որովհետև վերանայման հնարավորություն անձը պետք է մշտապես ունենա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի՝ պաշտպանական կողմի բողոքը առանց քննության թողնելու մասին որոշմանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Դանիբեկյանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ էլ բողոքը մակագրվել էր դատավոր Արղամանյանին: Վերջինս սեպտեմբերի 27-ին որոշել է բողոքն առանց քննության թողնել՝ պատճառաբանելով, որ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ. «Սեպտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ դատարանը Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրել, փոփոխել կամ վերացրել, այլ մերժելով պաշտպաններ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ այն ըստ էության թողել է անփոփոխ, իսկ քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին»,-նշել է դատավոր Արղամանյանը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով դատավորի այս որոշմանը՝ Արամ Վարդևանյանն ասաց, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. «Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որը հիշատակել է դատավոր Արղամանյանը, վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ դատարանը կայացնում է խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշում, իսկ սա այդպիսին չէ, սա որոշում է՝ պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին: Ամենահետաքրքիրն այն է, որ դատավոր Արղամանյանը որոշել է մեկնաբանել դատական ակտը՝ ասելով,  որ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելը ըստ էության իրենից ենթադրում է կալանավորումն անփոփոխ թողնել: Ես չեմ հանդիպել մի դեպքի, երբ իրավիճակը փորձում են մեկնաբանել ի վնաս մարդու իրավունքների, հենց այդ իրավիճակը լուծելու համար է, որ Սահմանադրությամբ երաշխավորված է մարդու իրավունքների գերակայության սկզբունքը, որը նշանակում է, որ հանրային իշխանությունը մշտապես կաշկանդված է մարդու իրավունքներով, և մարդու իրավունքները գործում են անմիջականորեն: Դա է սահմանադրական սկզբունքը»:

Արամ Վարդևանյանը հիշեցրեց Մանվել Գրիգորյանի գործով դատավարության մի դրվագ. «Երբ կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ պաշտպանները բողոք էին ներկայացրել, այն մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին: Այդ ժամանակ Դատախազությունը ներկայացրել էր դիրքորոշում այն մասին, թե ինչու է դատարանը որոշել հարցն ընդունել քննության: Մխիթար Պապոյանը նշել էր, որ ինքը իրավունք չուներ առանց քննության թողնել, քանի որ կաշկանդված էր մարդու իրավունքներով»:

Արամ Վարդևանյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ այս հարցն այժմ գտնվում է Սահմանադրական դատարանում. «Մոտ 5-6 ամիս առաջ փաստաբաններից Արտակ Գալստյանը, այնուհետև՝ նաև Վերաքննիչ քրեական դատարանը, դիմել են Սահմանադրական դատարան, և այն վարույթ է ընդունվել, եթե չեմ սխալվում, նոյեմբեր ամսին կլինի որոշում: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է իրավիճակը մեկնաբանել ի վնաս մարդու իրավունքների»:

Անդրադառնալով իր կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը՝ Արամ Վարդևանյանն ասաց, որ անկողմնակալ դիտորդի մոտ ինքնաբացարկի միջնորդության մեջ թվարկված հիմքերն առնվազն կասկածներ առաջացնում են. «Բայց դատավոր Արղամանյանը նույնիսկ չի էլ անդրադարձել ինքնաբացարկի միջնորդությանը, կարծում եմ, փորձելով հարցը դիտարկել այնպես, որ սա պաշտպաններ Օրբելյանի և Խուդոյանի բողոքն է»:

Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ դատարանն ինքնաբացարկի միջնորդությունը ստացած լինի հիշյալ որոշումը կայացնելուց հետո, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Դա շատ հետաքրքիր հարց է, դրա մեկնաբանման պարտականությունը, կարծում եմ, կրում է դատարանը, համենայն դեպս, որոշումը կայացվել է ամսի 27-ին, և իմ միջնորդությունը ևս մուտք է եղել ամսի 27-ին»:

Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ին որպես պաշտպան նաև ինքն է վերաքննիչ բողոք ներկայացրել Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի նույն այդ որոշման դեմ. «Ես մեծ հույս ունեմ, որ դատական համակարգը, տվյալ դեպքում՝ դատավոր Արղամանյանը, ինքնաբացարկի միջնորդությունը պատշաճ քննության առարկա կդարձնի: Այն, որ սեփական նախաձեռնությամբ չի իրականացրել, արդեն մտագոհիչ է, բայց ամեն դեպքում, միջնորդությունը պետք է քննության առարկա դառնա»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Արամ Վարդևանյանը Արղամանյանին  ինքնաբացարկի միջնորդությունում որպես հիմք մատնանշել էր նրա  անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները. «Հարկ ենք համարում նշել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանրահավաքին մասնակցել է ոչ թե հեռավոր ազգական, այլ հենց դատավոր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որն, ըստ Էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրի, իր հետ է բնակվում։

Բացի այդ, անաչառության հետ կապված հիմնավոր կասկած է հարուցում տվյալ դատավորի բավականին ցածր վարկանիշը՝ -10։ Ըստ helpcourt.am կայքի՝ դատավոր Արղամանյանն այս ցուցանիշով գտնվում է դատավորների վատագույն քառյակում։ Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը Ռ․Քոչարյանի գործը քննելու պահին եղել է -7»,- ասված էր տարածված հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ