28 09 2019

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել

«Հետք»-ը գրում է․ Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց մեղադրյալների փաստաբան Վահե Եփրիկյանը: Պաշտպանը նշեց, որ Նարեկ Մութաֆյանը ցուցմունք է տվել և նշել, որ դատավոր Աննա Դանիբեկյանին որևէ կերպ չի վիրավորել, միտում չի ունեցել նրա նկատմամբ ճնշում գործադրելու կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, պարզապես ցիտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կապված դատական համակարգի և որոշ դատավորների հետ: Ըստ Վահե Եփրիկյանի՝ Մութաֆյանը ցուցմունք է տվել այն մասին, որ քայլելիս է եղել Կոմիտասի անվան պանթեոնում, երբ նկատել է դատավոր Դանիբեկյանին ու նրանից փորձել ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները, մինչդեռ դատավորը հարվածել է նրա ձեռքին ու գցել հեռախոսը, որը վնասվել է:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Նարեկ Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, ամիսներ առաջ ասել է, թե դատական համակարգն անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր փնտրում: ԲԴԽ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Հետքի» լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չի արձագանքել վարչապետի այս հայտարարությանը դատական համակարգի մասին, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել է, որ հայտարարությանն արձագանքելու հարցը շատ է քննարկվել, բավական աշխատանք է տարվել մի քանի տեքստի վրա, հետո որոշվել է քաղաքական հայտարարություններին չարձագանքել:

«Ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր: Պարզ ասեմ՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին հրապարակային կարծիք հայտնել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»,- ասել է Ռուբեն Վարդազարյանը:

Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսքերին հղում կատարելով՝ նախորդ՝ սեպտեմբերի 20-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին հարց է ուղղել, թե արդյոք վերջինս կա «վնգստացող դատավորների ցանկում» որոշելու համար՝ նրան այս հիմքով ինքնաբացարկի միջորդություն ներկայացնելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:

Երեկ համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, շուրջ 10 րոպե լուռ քայլելով, մտնում է դատարանի վարչական շենք, ապա դատական կարգադրիչներին մատնացույց անում երիտարադներին, որոնք, տեսախցիկները միացրած, քայել են իր կողքով:

Վերը նկարագրվածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որտեղ դատավոր Դանիբեկյանը բացատրություն է տվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը): Դատավորին թիկնապահ է տրամադրվել:

Վահե Եփրիկյանի խոսքով՝ օգտվելով իր դատավարական կարգավիճակից՝ ձերբակալված Սարգիս Օհանջանյանը ցուցմունք չի տվել: Պաշտպանի խոսքով՝ քննիչը բանավոր հայտնել է, որ պատրաստվում է կալանքի միջնորդություններ ներկայացնել դատարան:

Փաստաբանը հիշեցրեց, որ քրեական գործն ի սկզբանե հարուցվել է դատարանի նկատմամբ անհարագալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, սակայն քննչական մարմինը, հասկանաով, որ այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք ամիս կալանքն է, որոշել է ձերբակալվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի սանկցիան մինչև հինգ տարի ազատազրկում է նախատեսում:

Եփրիկյանի խոսքով՝ հարցերը, որոնք տրվել են Դանիբեկյանին, կարող էին տրվել ցանկացած դատավորի, որին Մութաֆյանը կհանդիպեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ