News.am-ը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործը, որով մեղադրյալի կարգավիճակում է ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գրիգորյանը, չի ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ ավելի վաղ ՔԿ–ն հայտարարել էր, թե՝ հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանին մեղսագրվում է նաև ՀՀ ՊՆ փոխնախարարի կարգավիճակում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կատարված հանցավոր արարքի կատարում, քրեական գործը նախատեսվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախաքննության իրականացումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու հարցը քննարկելու համար:
Դատախազությունը ստացել է գործը և հանձնարարել Քննչական կոմիտեին՝ շարունակել գործի նախաքնությունը։
Հիշեցնենք, որ ՔԿ–ում հարուցված քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ):
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Արդյունքում, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, զինծառայողները չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:
Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը