21 09 2019

Եթե այսպես շարունակվի, ՀՀ հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում. փաստաբան․ Փաստինֆո

Եթե այսպես շարունակվի, ՀՀ հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում. փաստաբան․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

-Պարոն Ղազարյան, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Նրա լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել։ 93 էջանոց փաստաթղթում կարգապահական խնդիրների մասին է խոսք գնում։ Այդ հիմնավորումները որքանո՞վ են համոզիչ, եւ առհասարակ, ի՞նչ գործընթաց է տեղի ունենում ՍԴ-ի շուրջ։

-Իմ կարծիքով, գործիքներն ու նպատակը չեն համընկնում։ Մի կողմից մենք տեսնում ենք, որ ընթացակարգը ուղղված է կարգապահական խախտման դեմ, բայց մյուս կողմից, նույն անձինք լրատվամիջոցներով քաղաքական անհանդուրժողականության կոչեր են կատարում։ Դա նշանակում է թաքնված օրակարգ։

-Դուք նկատի ունեք քաղաքակա՞ն օրակարգը։

-Չգիտեմ՝ քաղաքական է , թե ոչ, բայց, եթե նպատակ են դրել ազատվել Հրայր Թովմասյանից զուտ նրա համար, որ նա Հրայր Թովմասյանն է կամ նախկին է, դա խտրականություն է, իսկ եթե նպատակ են դրել նրանից ազատվել, որ նա կոպիտ կերպով խախտում է Սահմանադրությունը կամ ՍԴ մասին օրենքը, կարելի է մտածել, որ գործընթաց է, սկսել են, այն ունի իր նպատակը, բայց կարեւոր է, որ միջոցներն ու նպատակը համընկնեն իրար հետ։ Եթե նրանք զսպվածություն դրսեւորեին իրենց հայտարարություններում , գուցե այդ մասին կարելի էր չմտածել։

-Իսկ հիմքե՞րը, պարոն Ղազարյան։ Դրանք իսկապե՞ս հիմք կարող են հանդիսանալ նշված գործընթացն սկսելու համար։

-Ֆորմալ հիմքերն օրենքով սահմանված են, բայց կրկնում եմ՝ այստեղ կարեւոր է, թե այդ հիմքերը նպատակի հետ համընկնում են, թե՞՝ ոչ։ Մենք չգիտենք, որովհետեւ երկու հակասական հայտարարություններ կան։ Մի կողմն ասում է, որ իրականում այն հիմքերը, որոնք ներկայացվում են, չկան, որովհետեւ դրանք բավարարվել են, այսինքն, քննարկում եղել է, մյուս կողմն ասում է՝ ոչ։ Մեզ՝ սովորական քաղաքացիներիս հասու չէ այդ տեղեկությունը եւ դա ի վերջո, ՍԴ-ն է որոշում, բայց կարեւոր է՝ զսպվածություն ցուցաբերել քաղաքական հայտարարություններում, որովհետեւ ստացվում է, որ գործընթացն սկսվել է, ոչ թե այն նպատակով, որի համար օրենքով սահմանված դրույթներն են, այլ զուտ այն բանի համար, որ իրենց դիմաց կանգնած է Հրայր թովմասյանը, որը նախկին քաղաքական իշխանության ներկայացուցիչ է։ Դա անթույլատրելի է։

-Պարոն Ղազարյան, ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու մասին իշխանությունը խոսեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի՝ սեպտեմբերի 4-ի հայտնի որոշումից հետո, որով Քր.դատ. օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց, կապը տեսնում եք այս գործընթացի ու Քոչարյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործի միջեւ։

-Պետք է զգույշ լինել, երբ ժամկետները համընկնում են, դրանից կարելի է որոշակի եզրահանգումներ կատարել։ Իրավական գործընթացներում, որպես կանոն, դա դիտվում է որպես կոնտեքստ, այսինքն՝ դրդապատճառ։ Հիմա, ես չգիտեմ, կապն իրականում կա՞, թե ոչ, բայց սովորական քաղաքացու համար, կարող է որոշակի կապ ունենալ, հետեւաբար, դատական իշխանությանը վերաբերող ցանկացած հայտարարության մեջ իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն, բայց ասել, թե մենք ուզում ենք ազատվել Հրայր Թովմասյանից, նշանակում է, որ շատ վատ պատկերացում ունեն իշխանության տարանջատման հիմնարար սկզբունքի մասին։

-Եթե մի փոքր ավելի հետ գնանք, դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու՝ Փաշինյանի հայտնի կոչը հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմանը։ Հիմա, փաստորեն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացն է հաջորդում ՍԴ-ի՝ վերը նշված որոշմանը։ Ստացվում է՝ իրավիճակը կրկնվում է։

-Ես չունեմ փաստեր, որ կարողանամ դրանք կապել իրար հետ, բայց բոլոր դեպքերում քաղաքական իշխանությունը պետք է զսպվածություն ցուցաբերի։ Սա հայտնի ճշմարտություն է եւ բխում է իշխանության տարանջատման սկզբունքից։

-Վարչապետ Փաշինյանի վանաձորյան ասուլիսի հայտարարություններին անդրադառնանք։ Միջամտություն չէ՞ր դատական իշխանության գործերին, երբ գործադիր իշխանության ղեկավարը հայտարարեց, թե ՍԴ-ն ապօրինի որոշում է կայացրել։

-Ցանկալի էր, որ այդ հայտարարությունը չլիներ, իհարկե։ Կարելի է ասել՝ մտահոգիչ է, մենք մտահոգված ենք, բայց ուղղակիորեն ասել, որ անօրինական է...։

- Եվ , վերջին հարցը, այս ամենը տեղի ունեցավ այն օրերին, երբ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում։ Ձեր կարծիքով, միջազգային հանրությունն ի՞նչ գնահատական կարող է տալ այս գործընթացներին։

-Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ մի օր Հայաստանի հարցը հայտնվի ԵԽԽՎ օրակարգում։ Այդպես եղել է արդեն երկու անգամ՝ 2003 եւ 2005 թվականներին, երբ ԵԽԽՎ-ն Հայաստանին դեղին քարտ ցույց տվեց։ Եթե այսպես շարունակվի, այսինքն, անբռնազբոս հայտարարությունները դատարանների հանդեպ շարունակվեն, մի օր Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում, պետք է շատ զգույշ լինել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ