16 09 2019

Արարատ Միրզոյանի հայտարարությունն անհարկի միջամտություն է․ փաստաբան․168․am

Արարատ Միրզոյանի հայտարարությունն անհարկի միջամտություն է․ փաստաբան․168․am

168.am-ը գրում է․ «Այս մշակույթը մեզ անծանոթ չի, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում, և պետական մարմինները քննադատում են Դատարանին։ Հիշում եք, 2004 թ. արդեն նման բան եղավ, ՍԴ-ն որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ ՍԴ-ն անցել է իր լիազորությունների շրջանակից։ Այդ ավանդույթը շարունակվում է։ Այսինքն՝ ցանկացած դատական ակտ կարելի է քննադատել, բայց պետք է զսպվածություն ցուցաբերել։ Տվյալ դեպքում մի քիչ ավելին էր, քան բովանդակության վերաբերյալ զուտ կարծիք արտահայտելը։ Ըստ էության, ասվում է՝ Սահմանադրական դատարանը սխալ որոշում է կայացրել, բայց քաղաքական գործիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն։ Այստեղ դա կարող է դիտվել՝ որպես անհարկի միջամտություն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ-ի վերաբերյալ։

Ըստ նրա՝ ՍԴ-ն է լուծում ՍԴ երեք անդամի վերաբերյալ միջնորդության հարցը, և կարելի է միայն կարծիք հայտնել, բայց քննադատել՝ ոչ, քանի որ ՍԴ-ն ավտոնոմ է, և Դատարանն է որոշել՝ հաշվի առնել, թե չառնել. «Ա.Միրզոյանն իր կարծիքն է հայտնել, բայց ամբողջ հարցն այն է, որ պետք է այն զսպված արտահայտեր, որովհետև խոսքը վերաբերում է դատական իշխանությանը, ՍԴ-ին և այն էլ՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով»։

Ամեն դեպքում, Ա. Ղազարյանի կարծիքով, ԱԺ նախագահի խոսքն իր ամբողջության մեջ «ոչ իրավաչափ» չի կարելի համարել։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ՍԴ հարցի քննարկման վերաբերյալ Ա. Ղազարյանը նշեց, որ միևնույն է, բոլորը հասկացել են, որ միայն իրավական գործընթացներով պետք է առաջնորդվել, այլ ոչ թե քաղաքական գործընթացներով. «Եթե որոշել են բարեփոխել ամբողջ իրավական համակարգը, որպեսզի ՍԴ անդամներին փոխեն, ապա նախ և առաջ՝ Սահմանադրությունը պետք է փոխել։ Ուղղակի ամբողջ հարցն այն է, թե արդյոք օբյեկտիվ անհրաժեշտություն կա՞ այսքան հսկայական ռեսուրսներ ծախսել ՍԴ կազմը փոխելու համար, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ միանշանակ ոչ։ Եվ այն, որ ասում է՝ ճգնաժամ կա, քաղաքական գործիչները չպետք է ասեն՝ ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։ Այդ մասին պետք է ասեն կիրառողները, որոնք շփվում են Դատարանի հետ՝ դիմումներ են ներկայացնում, որոշումներ են ստանում, դրանց հիման վրա գործեր վերաբացում։ Իսկ նրանք ասում են՝ ճգնաժամ չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Ո՛չ ընթացակարգերում է որևէ բան փոխվել, ո՛չ կարգավիճակում, ո՛չ լիազորություններում։ Փոխվել են միայն ՍԴ-ի շուրջը խոսակցությունները։ Ինչո՞ւ պետք է մտածենք, որ ճգնաժամ կա։ Ես դա չեմ կարողանում հասկանալ»։

Քաղաքագետների այն դիտարկումները, որ, եթե վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրինականության վերաբերյալ հարց քննվի ՍԴ-ում, ապա կարող է խնդիր առաջանալ, Ա. Ղազարյանը զուտ «քաղաքական գնահատականներ» որակեց, որոնք իրավական գործընթացի հետ աղերս չունեն։ Նրա գնահատմամբ՝ ՍԴ որոշման տեքստը ներկայումս ավելի պարզ ու մատչելի է գրված, քան նախկինում, օրինակ՝ նույն Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը։ Դրա տարբեր մեկնաբանությունները, Ա. Ղազարյանի կարծիքով՝ տարբեր մոտեցումների հարց է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ