«Եթե օրենքի բացը հանգեցնում է իրավունքի խախտման, ուրեմն իրավունքի բաց է, ինչը տվյալ դեպքում է»,- ընդհանուր իրավասության դատարանում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Եթե դատախազության ներկայացուցիչները պնդեն, որ որոշակի մեխանիզմով փորձել են հաղթահարել այդ հարցը, արդյոք դատախազության ներկայացուցիչները կարող էին տեղյակ լինել, որ Սահմանադրությամբ նշվում է, որ կարգավիճակից բխող գործողությունների համար քրեական հետապնցման ենթակա չէ, որ դա վերաբերում է և կարգավիճակին եւ գործունեությանը, կարծես թե հնարավոր չէր դա կանխատեսել, քանի որ ՍԴ–ն դա սեպտեմբերի 4-ին արձանագրեց, նաեւ արձանագրեց, որ դատարանների տարաբնույթ մեկնաբանությունները չեն հաղթահարել օրենսդրական բացը։ Սամանադրական դատարանը մեկ այլ որոշման մեջ հղում է տվել Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով նախատեսվել է, որ անձի ազատությունը սահմանափակելիս, կալանք կիրառելիս դատարանի պարտականությունն է նայել արդյոք 35-րդ հոդվածով հանգամանքները բացառված են, թե ոչ, իսկ այս պարագայում ինչպես կարող է դատարանը դա անել, եթե 35-րդ հոդվածում առկա է հակասահմանադրական օրենսդրական բաց»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Սահմանադրագետը նշեց, որ ՍԴ–ն հղում է կատարում ՄԻԵԴ նախադեպին՝ կալանավորման իրավաչության վերաբերյալ, որտեղ ՄԻԵԴ–ը արձանագրել է՝ եթե օրենքի որակը բավարար չէ, կալանովորումն իրավունքի խախտում է։
«Կարծում եմ՝ ակնհայտ իրողություն է, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային, պաշտպանության հնարավորություններ մեր քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել։ Ավաղ, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները բավարար չափով։ Այդ որոշմամբ ՍԴ-ն ըստ, էության, տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ համար օրենսդրական քաղաքականության շրջանակներում։
Մենք բոլոր բացերի պարագայում ունենք կիրառված խափանման միջոց՝ կալանավորում, որն ինքնին ենթադրում է սահմանադրության խախտում։ Ես խնդրում եմ ձեզ վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և առհասարակ որևէ խափանման միջոց՝ ի շահ իրավունքի գերակայության, ի բարօրություն ՍԴ իրավունքի երաշխավորման»,- ասաց Արամ Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը