«Փաստինֆո»-ն գրում է.
«Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման ամբողջական տարբերակը: Հիշեցնեք, որ դրանով ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ հակասահմանադրական`նույն օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով: ՍԴ այս որոշման եւ դրա իրավական ազդեցության մասին «Փաստինֆո»-ն զրուցել է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ:
-Պրն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ վերջին որոշումը՝ 35-րդ հոդվածը անվավեր ճանաչելու մասով:
-Քրեական վարույթը բացառող հանգամանքների մեջ անձեռնմխելիության հիմքի բացակայության պայմաններում 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելը աբսուրդ է, զավեշտ, մեղմ ասած՝ անհիմն: Թեեւ պատճառաբանական մասում, հանուն արդարության պետք է ասել, կան եւ տրամաբանական եւ կիսատրամաբանական եւ անտրամաբանական հիմքեր, բայց վերջին հաշվով, այդ տեքստը շատ ավելի հարմար կլիներ տպագրելու որպես գիտական հոդված, քան թե որպես ՍԴ որոշում:
-Ինչո՞ւ է աբսուրդ:
– Որովհետեւ անվավեր են ճանաչում գոյություն ունեցող հակասահմանադրական նորմը կամ նորի մասը, մինչդեռ այս նորմում այդ կետը չկա, «չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական, զրոն, ոչինչը, սեւով սպիտակի վրա գրվածը վերջացավ, մնաց սպիտակը, սպիտա՞կն է անվավեր ճանաչվում:
-Այսինքն`ՍԴ-ն գոնե պիտի արձանագրեր, որ 35-րդ հոդվածն ունի լրացումների անհրաժեշտություն, եւ ոչ թե այն ամբողջովին ճանաչեր հակասահմանադրակա՞ն:
– Ըստ ՍԴ կարծիքի`տեսականորեն այո, այդպես պիտի աներ, թեեւ ես ինքս համամիտ չեմ ՍԴ-ի հետ: ՍԴ-ն զուգահեռներ է անցկացնում անձեռնմխելիություն ունեցող բոլոր պաշտոնատար անձանց հետ՝ ցույց տալու, որ սա միայն Քոչարյանին չի վերաբերում, այլ այդ կարգավիճակն ունեցող բոլոր անձանց: Բայց իրականում այստեղ կա փոքրիկ շփոթություն․ անձեռնմխելիության դեպքում խոսքը չի վերաբերում քրեական վարույթը բացառող հանգամանքին, այլ՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքին, իսկ սրանք տարբեր բաներ են: Ի՞նչ ենք հասկանում՝ անձեռնմխելիության ժամանակ քրեական հետապնդման հարուցում կամ իրականացում ասելով. դա վարույթն իրականացնող մարմնի որոշումն է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ձերբակալելու կամ կալանավորելու մասին: Եթե քրեական գործ է հարուցվում ինչ-որ փաստի առթիվ, եւ այդ անձը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ենթադրենք, պատգամավոր է, դատավոր կամ ՄԻՊ, կա ընթացակարգ, որը ՍԴ-ն չի ուզում տեսնել: Պատգամավորի դեպքում ԱԺ-ն պետք է տա համաձայնություն, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի, ՄԻՊ-ի դեպքում`եւս, դատավորի դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը նախ գործը պետք է հարուցի, ապա դիմի ԱԺ կամ ԲԴԽ, ստանա համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու համար, որովհետեւ կա այդպիսի ընթացակարգ:
-Նախագահի դեպքում այդ ընթացակարգը չկա՞:
– Չկա: Նախագահի դեպքում չկա այն մարմինը, որը կտա համաձայնություն: Այդպես է, օրենսդիրը չի նախատեսել: Հիմա նախագահի անձեռնմխելիության դեպքում ո՞վ պետք է տա համաձայնություն, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, մեղադրանք առաջադրվի, ընտրվի խափանման միջոց: Այսինքն`ստացվում է, որ նախագահի անձեռնմխելիությունը սահմանող սահմանադրական նորմն ինքն է հակասահմանադրական, որովհետեւ չի սահմանում, թե նախագահի անձեռնմխելիության պարագայում քրեական հետապնդում իրականացնելու դեպքում որ մարմինը պիտի տա համաձայնություն:
-Ուրեմն`ո՞րն է ըստ Ձեզ այս իրավիճակի իրավական լուծումը:
-Իմ կարծիքով՝ այստեղ իրավական լուծման անհրաժեշտություն չկա: ՍԴ որոշման նպատակը Եվրոպական դատարան դիմելու հիմք ստեղծելն էր: Եվ գիտե՞ք, ցավալին այն է, որ մեր օրերում ամեն կողմն ուզում է ճշմարտությունը հարմարեցնել իր պահաջներին: Ես, հանուն արդարության, պետք է արձանագրեմ, որ կալանավորումը այս դեպքում կիրառվում է օրենքի խախտումով, գիտեմ, որ շատերին դուր չի գա ասածս, բայց ես ոչ մի կողմում չեմ, առավել եւս` Քոչարյանի, եւ էլի եմ շեշտում՝ հանուն արդարության եմ ասում. օրենքով հստակ գրված է, որ խափանման միջոցը իր մեջ չպետք է պարունակի պատժի տարրեր: Բայց մենք դա արհամարհում ենք, եւ իբր թե հիմնավորում ենք, որ պիտի կալանավորենք, այլապես կփախչի, կխոչընդոտի եւ այլն,եւ այլն: Մենք չենք մտածում եւ հաշվի չենք առնում Եվրոպական դատարանի կարծիքը, նաեւ մեր օրենքները, որ չի կարելի մարդուն ամիսներով, տարիներով կալանավորել, որ նախաքննության փուլը չպիտի այդքան երկարի, գործերը պիտի շատ կարճ ժամանակում մտնեն դատարան… Այս պարագայում պաշտպաններին ի՞նչ է մնում անել, բնականաբար՝ անել ամեն ինչ: Բողոքարկել են, հասել են Վճռաբեկ դատարան, հիմա էլ, ճիշտ թե սխալ, հիմք են ստեղծել նաեւ`մտնելու Սահմանադրական դատարան, թեեւ իմ կարծիքով մտնելու տեղ չկար, բայց մտել են հայտնի պատճառներով, ՍԴ-ն էլ ընդունել է վարույթ: Համենայն դեպս, որքանով ես գիտեմ, 35-րդ հոդվածը Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել, եւ եթե չի կիրառվել, ապա դրա սահմանադրականության հարցը չէր կարող վիճարկվել, նրա նկատմամբ կիրառվել է 135-րդ հոդվածը, որը եւ ճանաչվել է սահմանադրական:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը