09 09 2019

Քոչարյանի ազատ արձակումն արագ է տեղի ունենալու. Hayeli.am

Քոչարյանի ազատ արձակումն արագ է տեղի ունենալու. Hayeli.am

Hayeli.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 6-ին հրապարկած ամբողջական որոշումը հիմնավորապես փոխում է Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացքը: ՍԴ որոշմանն անխուսափելիորեն պետք է հաջորդի Քոչարյանի ազատ արձակումը, քանի որ հակառակը կնշանակի`անտեսել բարձրագույն դատական մարմնի որոշումը: ՍԴ որոշումն այս տեսանկյունից բավականին պինդ է և հստակ արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանն, իբրև նախկին նախագահ ունի գործառութային անձեռնմխելիութ` պաշտպանված սահամանադրության ուժով:

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից, պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից:

Հակառակ դեպքում գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ և անհապաղ դադարեցվեն»,- որոշման մեջ արձանագրել է ՍԴ-ն: Այս մասով բարձրագույն դատական մարմինը նաև օրենսդրական բաց է արձանագրել:

Մասնավորապես Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը:

Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:

ՍԴ որոշման եզրափակիչ մասում նշվում է, ո ր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, պետք է ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Հետևաբար, քանի որ ՍԴ որոշումներն վերջնական են և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, Քոչարյանի ազատ արձակումն այլևս Սահմանադրության պահանջ է: Հայաստանում չկա ավելի բարձր մարմին, որն իրավասու է այս հարցով այլ որոշում կայացնել: Երկրորդ նախագահի պաշտպանական թիմը արդեն խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, թեպետ առանց այդ միջնորդության էլ դատարանը, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, պետք է նման քայլի գնար` առանց միջնորդության:

Հատկանշական է, որ իշխանության ներկայացուցիչները չեն շտապում մեկնաբանել և գնահատականներ տալ ՍԴ որոշմանը` շատ լավ հասկանալով, որ Քոչարյանի ազատ արձակումը արագ է տեղի ունենալու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ