06 09 2019

ՍԴ-ն արձանագրեց՝ խախտվել է Քոչարյանի անձնական ազատության իրավունքը. փաստաբան

ՍԴ-ն արձանագրեց՝ խախտվել է Քոչարյանի անձնական ազատության իրավունքը. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հարցազրույցն «Իրավունք» թերթին

Սահմանադրական դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի գործով տարբեր շրջանակների կողմից տարրեր կերպ մեկնաբանվեց: Իրականում ի՞նչ է ենթադրում ՍԴ-ի որոշումը, արդյոք դա բավարա՞ր փաստ է, որպեսզի երկրորդ նախագահի նկատմամբ հետապնդումը դադարեցվի, եւ նա ազատության մեջ հայտնվի: Հաշվի առնելով, որ նաեւ հակառակ կարծիքն է հնչում, փորձեցինք եւս մեկ անգամ պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, սահմանադրագետ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՑ:

Նրա կարծիքը միանշանակ է. - Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել: Եթե շատերը փորձում են ասել, թե երբ 35-րդ հոդվածը Սահմանադրությանը հակասող է ճանաչվել, իսկ 135-րդ հոդվածը ոչ, եւ խափանման միջոցի հարց քննարկվել չի կարող, խորհուրդ եմ տալիս լավ ուսումնասիրել, ապա նոր միայն կարծիք հայտնել:

Որովհետեւ այդ թեզը ամբողջությամբ հերքվում է, ելնելով այն հանգամանքից, որ առհասարակ կալանավորումը, առանց հաշվի առնելու 35-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները, չի կարող կիրառվել: Իսկ Սահմանադրական դատարանի եզրափակիչ մասը հստակ արձանագրեց 35-րդ հոդվածի խնդիրն առ այն, որ այնտեղ նախատեսված չէ պաշտպանությամբ օժտված անձանց երաշխիքները, այդ թվում՝ գործառույթային անձեռնմխելիության հարցադրումը: Այս պարագայում խափանման միջոց կիրառվել չի կրող: Սա նաեւ հիմնավորվում է նրանով, որ Սահմանադրական դատարանը 35-րդ հոդվածի խախտումը դիտարկել է Սահմանադրության 27-րդ հոդվածի լույսի ներքո, որը վերաբերում է անձնական ազատության իրավունքին:

Ավելի պարզ ասած չկալանավորվելու, ազատությունը չսահմանափակելու իրավունքին: Այսինքն, անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում, երբ այն սահմանափակվում է: Տվյալ դեպքում երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է ու սահմանափակված է ներկայումս, դրանով իսկ այն հակասում է ՀՀ Սահմանադրության անձնական ազատության իրավունքին: 61-րդ եւ 63-րդ հոդվածները նախատեսում են արդար դատաքննության իրավունքը, իսկ 78-րդ հոդվածը վերաբերում է ընթացակարգային եւ կառուցակարգային երաշխիքներին եւ որոշակիությանը:

35-ը հոդվածը վերաբերում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, որոնք պարտադիր կերպով հաշվի են առնվում, երբ կալանավորումը տրվում է: Եթե 35-րդ հոդվածում չկա որեւէ նորմ, իսկ մենք դա ներկայացրել էինք ամիսներ առաջ, եւ այսօր արձանագրվեց ՍԴ-ի կողմից, ուրեմն այն չի կարող կիրառվել:

Այսինքն' կալանավորումը, որը կիրառվել է քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը: Իսկ եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ կալանավորումը չի կարող լինել իրավաչափ:

- Պարոն Վարդեւանյան, այսինքն քրեական հետապնդումը ե՞ւս պետք է դադարեցվի այս որոշումից հետո:

- Որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում: Ամբողջական որոշումը ստանալուց հետո փաստաբանական թիմն իր բոլոր գործողությունների հերթականությունը, քարտեզը կներկայացնի: Սպասենք որոշմանը:

- ՍԴ-ն կարծիք ստանալու համար նաեւ դիմել էր Վենետիկի հանձնաժողով, բայց այդ կարծիքը չստացած՝ որոշում կայացրեց: Դա որեւէ առնչություն չունե՞ր այդ որոշման հետ:

- Այս որոշումը եւ այս գործը որեւէ առնչություն չունեն Վենետիկի հանձնաժողով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումների հետ: Քանի որ այղ դիմումները վերաբերում են «Քրեական օրենսգրքի» 300.1 հոդվածին: Իսկ այս որոշումը վերաբերում է դատավարական ընթացակարգին:

Հեղինակ՝ Իլոնա Ազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ