Իրավաբան Գոհար Մելոյանն արձագանքել է ՍԴ-ի որոշմանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործով։
Նրա գրառման մեջ ասվում է.
«ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը։
Որոշման համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ՝ «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» վերտառությամբ հոդվածը ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց /դիցուք՝ Նախագահ, պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպան ևն/ գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով։
Այսինքն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պաշտոնատար անձանց կարգավիճակով պայմանավորված անձեռնմխելիությունը սահմանված չէ որպես քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում, Սահմանադրական դատարանը փաստացի արձանագրել է ակնհայտ իրավական բաց, որը խախտում է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իրավունքները։
Ըստ Սահմանադրական դատարանի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 27-րդ՝ անձնական ազատության, 61-րդ՝ արդյունավետ դատական պաշտպանության, 63-րդ՝ արդար դատաքննության իրավունքներին, և Սահմանադրության 75-րդ հոդվածին, համաձայն որի՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։
Հետևաբար՝ հաստատվեց, որ ներկա օրենսդրական կարգավորումների պայմաններում գործառութային անձեռնամխելիությամբ օժտված սուբյեկտների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս խախտվում է վերջինններիս անձնական ազատության և Սահմանադրությամբ նախատեսված մի շարք այլ իրավունքներ։
Միաժամանակ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ՝ «Խափանման միջոց կիրառելու հիմքերը» վերտառությամբ հոդվածը ճանաչվեց Սահմանադրությանը համապատասխանող։
Հ. Գ. Անհրաժեշտ է հաշվի առնել, որ սա Սահմանադրական դատարանի որոշման մի հատվածն է, և դրա մեկնաբանությունն իմ կողմից։ Որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի եռօրյա ժամկետում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը