28 08 2019

Փաստաբանների պալատը դարձել է մի անձի նկրտումների հավաքատեղի․ փաստաբան

Փաստաբանների պալատը դարձել է մի անձի նկրտումների հավաքատեղի․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաստաբանների պալատի գործունեությանը։ Նա գրում է․

«Եվ նորից երկրի ամենաչկայացած կառույցի մասին՝

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 7.6, 7.7 և 7.8 կետերի համաձայն, պալատի ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն 2 տարին մեկ անգամ՝ պալատի նախագահի կամ խորհրդի որոշմամբ: Եթե օրակարգում չկան ընտրություններ, ապա ընդհանուր ժողովի մասին ծանուցումը պետք է դրա անցկացման օրվանից 14 օր շուտ էլեկտրոնային փոստով ուղարկվի փաստաբաններին և տեղադրվի պալատի կայքում:

Վերջին ժողովը տեղի է ունեցել 09.09.2017թ., (պալատի նախագահի քվեարկություն) այսինքն՝ հաջորդ ընդհանուր ժողովի անցկացման վերջնաժամկետն է 09.09.2019թ.: Այդ օրվան մնացել է 12 օր, սակայն որևէ ծանուցում ընդհանուր ժողովի մասին չկա՝ ամեն դեպքում ես չեմ ստացել ու չկա նաև պալատի կայքում:

Փաստաբանների առանձին կառույցները՝ պետական ապարատի կազմից դուրս, ստեղծվել են մի շարք կարևորագույն սկզբունքներ իրագործելու համար: Բացի բուն փաստաբանության ինստիտուտի անկախության գաղափարից, դրա հիմքում դրված են նաև ինքնակառավարման և ինքնակարգավորման սկզբունքները: Մեր իրականության մեջ այդ գաղափարները շատ վաղուց վախճանվել են, իսկ պալատ կոչվող կառույցը դարձել է մի անձի բարդույթների և նկրտումների հավաքատեղի: Ցավով պետք է ասել, որ այդ գործում այդ անձին աջակցում են նաև կառույցի անդամ հանդիսացող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անդամներ՝ առնվազն իրենց անգործությամբ կամ անտարբերությամբ: Իրենց աչքի առջև ոչնչացվում է այդ կառույցի բարձրագույն մարմնի՝ ընդհանուր ժողովի թե գաղափարը, թե փաստացի գոյությունը և, կարծես թե, բոլորը դրա հետ համաձայն են, դե բոլորը, բացառությամբ ինձ հայտնի մի քանի տասնյակ փաստաբանների:

Փաստաբանական կառույցը ենթակա է արմատական բարեփոխման: Մեկ անձի շահերը սպասարկող անփառունակ վիճակը պետք է վերացվի, ստեղծվի նոր՝ կոնֆեդերատիվ սկզբունքների վրա հիմնված կառույց: Հայեցակարգային մոտեցումը իմ կողմից ներկայացվել է Ազգային ժողովի պատգամավորներին, հուսամ , որ այն կդառնա արդյունավետ քննարկման առարկա և կստանա իր համարժեք լուծումը:

Իսկ իմ շատ կոլեգաներին դիմում եմ մի խորհուրդ-հորդորով՝

Հարգելիներս, երբ քննադատում եք երկրի վարչապետին, նախկին նախագահներին, իրավապահ համակարգին, ձեր քննադատությունը արժեքավոր դարձնելու համար մեկ-մեկ, կամ գոնե գեթ մեկ անգամ փորձեք քննադատել ձեր իսկ կառույցի ղեկավարին, առանց վախենալու , որ կստանաք կարգապահական վարույթ, իսկ առիթը ակնհայտ է և անհերքելի՝ պալատի ղեկավարը, ում ուղղակի պարտականությունն է հրավիրել պալատի ընդհանուր ժողով, պարզապես կազմաքանդում է ձեր իսկ անդամակցած կառույցի բարձրագույն մարմնի գործունեությունը…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ