Panorama.am-ը գրում է.
Քրեական գործի հարուցումից հետո լիազորությունների կասեցման հետևանքով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ և օրենքով սահմանված կարգով համակարգչային ծրագրի միջոցով կվերաբաշխվեն։ Հիշեցնենք, որ այս դատավորին էր մակագրված նաև Ռոբերտ Քոչարյանի ու բարձրաստիճան նախկին այլ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը։
Panorama.am-ը ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանից հետաքրքրվեց, ունե՞ն տեղեկություններ, թե ում է մակագրվելու այդ գործը։«Ենթադրվում է, որ որևէ մեկն այդ մասին տեղեկություններ չպետք է ունենա, քանի դեռ համակարգիչը չի մակագրել։ Համակարգչով գործերի բաշխումը նախատեսված է հենց դրա համար։
Բայց ես ավելի քան համոզված եմ, որ այդ ամենը տեղի է ունենալու նախապես որոշված եղանակով, փոխանցվելու է նախապես որոշված դատավորին»,-ասաց փաստաբանը։Քոչարյանի պաշտպանական խմբի համար կան առավել անցանկալի դատավորներ, սակայն Ալումյանը նրանց անունները չհրապարակեց՝ համոզված լինելով, որ հենց նրանցից որևէ մեկի մոտ կհայտնվի գործը։
Կասկածները, մտահոգությունները կանխելու համար պաշտպաները պատրաստվում են միջնորդել, որ համակարգչի մեջ ներբեռնելու, բաշխելու գործընթացին մասնակից լինեն պաշտպաններն ու ցանկություն հայտնած լրատվամիջոցները։ «Մենք պատրաստվում են միջնորդել և մեզ համար, և շահագրգիռ լրատվամիջոցների համար, որպեսզի գործընթացը թափանցիկ լինի»,-ասաց նա։ Ալումյանը հիշեցնում է՝ դեռ մայիսից ձգտում էին Ռոբերտ Քոչարյանի քրգործը տեղափոխել այլ դատավորի մոտ։ Դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, հավանաբար համոզված չեն եղել, որ դատավորն ինքնաբացարկ կհայտնի, հիմա այս եղանակով են փորձում դատավորին ճնշել ու գործը նրանից վերցնել։
Դատավորի լիազորությունների կասեցման հետևանքով ձգձգվելու է նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը։ Ալումյանն ընդգծեց, որ օրենքը սահմանում է, որ նման միջնորդությունը պետք է քննվի այն ներկայացնելուց անմիջապես հետո։ «Այս պահին մենք որևէ տեղեկութուն չունենք, որ այդ միջնորդությունը մակագրվել է որևէ մեկին»,-ասաց փաստաբանը։ Մեկնաբանելով դատավորի նկատմամբ քրեական հետպանդում սկսելը, Ալումյանն ընդգծեց, իր համար նման սցենարը կանխատեսելի չէր. «Դիկտատուրան հենց այսպես է սկսվում։ Ես չէի պատկերացնում, որ 21-րդ դարում Հայաստանում կարող է պատահի այս կարգի դրսևորումներ լինեն։ Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում նման բան հնարավոր է լինի»։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերի պաշտպանության նախաձեռնությանը Հայկ Ալումյանը չի միացել, կաշկանդում է Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան լինելու հանգամանքը։ «Իհարկե, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակիորեն կապված են պարոն Քոչարյանի գործի հետ։ Եթե ես այս պահին չլինեի պարոն Քոչարյանի պաշտպանը, անպայման կմիանայի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանական խմբին։ Այդ պատճառով ճիշտ չեմ համարում այդ նախաձեռնությանը միանալը, թեև ամբողջությամբ կիսում եմ իմ կոլեգաների կարծիքներն ու մտահոգությունները»,-մանրամասնեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը