Մենք ունենք խիստ մտահոգություն, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումն իրականում նպատակ ունի արհեստականորեն հետաձգել պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի որոշմամբ հուլիսի 27-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը:
« Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդությունը չի քննարկվել մինչև հիմա: Մենք դեռևս անցած ամսվա 25-ին և 27-ին երկու տարբեր միջնորդություն ենք ներկայացրել դատարան: Մեկով խնդրել ենք կիրառել գրավ, մյուսով՝ ընդհանրապես խափանման միջոցը վերացնել, կամ դիտարկել այլ խափանման միջոց, օրինակ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այդ միջնորդությունները որևէ կերպ մինչև օրս քննված չեն: Ըստ էության, Դավիթ Գրիգորյանի լիազորություների կասեցումը այս պահին եղած ինֆորմացիայի շրջանակում չեմ կարող չդիտարկել այս գործընթացը ուղղակի ձգձգելու լույսի ներքո»:
Արամ Օրբելյանի խոսքով՝ Դավիթ Գրիգորյանն արդեն երկրորդ դատավորն է , ով հետապնդումների է ենթարկվում Ռոբերտ Քոչարյանի գործով: Հիշեցնենք, որ առաջինը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն էր, ով անձեռնմխելիության հիմքով դեռ 2018-ին ՀՀ երկրորդ նախագահին ազատեց կալանքից: Նրա անձի նկատմամբ ճնշումները սահմանափակվեցին նրա ատենախոսության շուրջ քննարկումներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում, որը ոչ միայն խափանման միջոցն էր փոխել, այլ նաեւ ՍԴ դիմելու որոշում կայացրել, հարուցվեց քրեական գործ։
Արամ Օրբելյանը պնդում է՝ խնդիրն ավելի խորքային է, քան ուղղակի պետության միջամտությունը դատարանների գործերին:
«Խնդիրը մի քիչ ավելի խորքային է: Գործադիր իշխանության միջամտությունը դա խնդրի միայն մի կողմն է: Հիմա մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ մի դատավոր որևէ չափով կալանքի հարցով այլ որոշում է կայացնում , տեղի են ունենում նմանատիպ ակցիաներ՝ հետապնդում կլինի, ատենախոսության հեղինակությունն են սկսում ստուգել, անհասկանալի կերպով ստուգում են միայն մեկինը: Չեմ ուզում կենտրոնանալ՝ ճի՞շտ են , սխա՞լ են, լա՞վ է, թե՞ վատ, բայց այն փաստը, որ պետությունը ուղղորդված ինչ-որ դատավորների գործընթացներ է ստուգում, սա արդեն մտահոգում է: Այստեղ լուրջ խնդիր է ոչ այնքան գործադիրի ուղղակի միջամտությունը, ինչքան ինքնացենզուրայի ռիսկը, հնարավոր է՝ մենք ունենանք դատական համակարգ, որը ինքը պետք է հասկանա՝ ինչ է ուզում ժողովուրդը, և ոչ թե արդարադատություն իրականացնի, այլ, պայմանական ասած, կառավարության ցանկացած որոշումն ընդունի, ինչը շատ ռիսկային է: Արդարադատության համակարգի ամբողջ իմաստը ոչ թե նրա մեջ է , որ իրականացնի այն, ինչ ուզում է ժողովուրդը, այլ այն, ինչ պահանջում է օրենքը: Սահմանադրության ժողովրդավարության կամ ժողովրդաիշխանության հոդվածը հենց որ դուրս է գալիս իրավական պետության և մարդու իրավունքների գերակայության հոդվածների սահմաններից, վեր է ածվում դիկտատուրայի և ավտորիտար ռեժիմի : Հույս ունեմ, որ մեր դատական համակարգը կկարողանա պատասխան տալ այս գործընթացներին»:
Ըստ Դավիթ Գրիգորյանի փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության ընթացքում առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր, իսկ դրանք առգրավելու որևէ հիմնավորում չի եղել, քանի որ, ըստ Դատախազության, խուզարկությունը կատարվել է մեկ այլ գործի շրջանակներում: Արամ Օրբելյանին այս գործընթացները խիստ մտահոգում են:
«Այս գործընթացները խիստ մտահոգում են, խնդիրը կասեցնելը չէ, բնավ, խնդիրն այն է, որ փետրվարին եղել է դիմում, փետրվարին գործ հարուցելը մերժվել է, դատախազությունը հաստատել է, իսկ հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրվեց, ինչը դատախազությանը առնվազն դուր չի եկել, ինչի մասին իրենք բարձրաձայնել են, մի քանի օրվա ընթացքում որոշում է ընդունվել գործը նորից ակտիվացնել:
Մեզ մտահոգում է , որ իրականացվել է փաստացի քրեական հետապնդում դատարանի նկատմամբ՝ առանց ԲԴԽ համաձայնության, այլ անվան տակ: Նման գործընթացները պետք է շատ հստակ արձագանք ստանան և՛ դատական, և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինների կողմից: Դատախազության համապատասխան պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց Արամ Օրբելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը