Տասնյակ փաստաբաններ համախմբել և իրենց պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Խնդիրը միայն Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը չէ։ Եթե մենք թույլ տանք, որ նրա նկատմամբ հետապնդումներ իրականացվեն, ապա սրանով դատական համակարգը վերջնականապես կմահանա և մենք արդարադատություն իրականացնող անկախ դատարաններ այլևս չենք ունենա։ Եթե մենք մի փոքր ցանկություն ունենք ունենալու անկախ դատական համակարգ, մենք պարտավոր ենք կանգնելու Դավիթ Գրիգորյանի կողքին և ստանձնելու նրա պաշտպանությունը»,- ասել է Սահակյանը։
Փաստաբանը խայտառակություն է որակել Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը։
«Սա խայտառակություն է։ Նույնիսկ նախկին իշխանությունների օրոք նման բան չէինք կարող սպասել, քանի որ ակնհայտ է, որ Դավիթ Գրիգորյանը հետապնդվում է իր կողմից կայացված որոշումների համար և կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշումների համար»,–ասել է նա։
Լուսինե Սահակյանի խոսքով՝ ներկայումս բացահայտ հետապնդում է իրականացվում այն դատավորների նկատմամբ, որոնք փորձում են արդարադատություն իրականացնել, անկախ լինել և ղեկավարվել միայն օրենքով։
«Մենք չտեսանք, որ հետապնդվեն այն դատավորները, որոնք ակնհայտ ապօրինություններ են իրականացնում, փաստորեն այդ բոլոր դատավորները ձեռնտու էին իշխանություններին, նրանք բնականաբար նրանց կամակատարն էին»,- ասել է նա։
Ըստ փաստաբանի՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդում իրականացնելով փորձ է արվում «վախեցնել մյուս դատավորների աչքը» և նրանց ամբողջովին ենթարկեցնել իրենց։
«Տարիներ շարունակ մենք պայքարում ենք, որ դատարանները կայանան, անկախանան և կարողանան արդարադատություն իրականացնել, սակայն գնալով իրավիճակը շատ ավելի է վատանում»,- ասել է նա։
Լուսինե Սահակյանը հիշեցրել է, որ իշխանությունները սկզբնական շրջանում հայտարարում էին, թե դատական համակարգի նկատմամբ ճնշում չեն գործադրելու, չեն միջամտելու դատական համակարգի գործունեությանը, սկայն հետագայում պարզվեց, որ ճիշտ հակառակն է տեղի ունենում. իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի դատավորները ենթարկվեն իրենց։
«Փաստորեն նրանց միակ նպատակն ու դժգոհությունը դատական համակարգից, կայանում էր նրանում, որ կան որոշ դատավորներ, որոնք սկսեցին չենթարկվել իրենց»,- նկատել է նա»։
Անդրադառանոլով ԲԴԽ–ի կողմից՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն, փաստաբանը նկատել է, որ այդ քայլով ԲԴԽ-ն ցույց տվեց, որ կազմի փոփոխությունը որևէ լավ բանի չհանգեցրեց և որ նոր կազմը իշխանահաճո որոշումներ է կայացնում։
Ըստ փաստաբանի՝ սարսափելին այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն են տվել նաև ԲԴԽ-ի դատավոր անդամները։
«Եթե դատավոր անդամներից քվեարկած չլինեին ի օգուտ այդ որոշման, այդ որոշումը չէր ընդունվի»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը