«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին: Նա հունիսի 21-ին հանդիպում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ անդամ չի եղել.
«Ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, ես երկար տարիներ աշխատել եմ ԵՊՀ-ում, եղել եմ եվրոպական եւ միջազգային ամբիոնի հիմնադիր վարիչ, հետագայում նաեւ առաջարկություն եմ ստացել իմ գիտելիքները կիրառել նաեւ պրակտիկայում եւ 2015-ից մինչ օրս աշխատում եմ արդարադատության փոխնախարար, որը կոորդինացնում է միջազգային իրավական համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը»:
Անդրադառնալով Վահե Գրիգորյանի արած հայտարարությանը, որ ստանձնում է «ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը», Քոչարյանը չցանկացավ մեկնաբանություն տալ:
«Ուղղակի կարող եմ նշել, որ դա Սահմանադրական դատարանի դատավոր` հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի կարծիքն է, որը հիմնված է համապատասխան Սահմանադրության և այլ դրույթների վերլուծության վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ վերլուծությունը կատարել է Վահե Գրիգորյանը, այլ ոչ թե ինքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը