ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հոդվածի սահմանադրականության հարցով անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Այս մասին նա հայտարարեց գործով Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ընթացքում։
«Հաշվի առնելով, որ մեր դատական համակարգում վերջիվերջո պատասխան չի տրվում այն հարցին, թե արդյոք խափանման միջոցի կիրառման ժամանակ սահմանադրական օրենք է կիրառվել Խաչատուրովի նկատմամբ, թե ՝ ոչ, այդ հարցը պարզաբանելու համար դիմել եմ Սահմանադրական դատարան՝ մատնանշելով օրենքի որոշակիության, հետադարձ ուժ տալու հարցերի մասին»,–նշեց նա՝ հավելելով, ո ր այդ հարցերը կարող է պարզաբանել միայն ՍԴ-ն։
Միհրան Պողոսյանը գործով տուժող կողմի բողոքների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց՝ նշելով, որ ի սկզբանե խափանման միջոցների հետ կապված տուժողների և տուժողների իրավահաջորդների բողոքները ենթակա չէին վարույթ ընդունվելու։
«Ձեռնպահ կմնամ նրանց բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ այդ բողոքները չեն ընթանում քրեական դատավարության օրենքով նախատեսված կարգով, քանի որ նրանք նման բողոք ներկայացնելու իրավասություն չունեին»,–ասաց նա և ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանն անհիմն է բողոքներն ընդունել վարույթ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը