20 06 2019

Վահե Գրիգորյանի հայտարարությունը սահմանադրական կարգից չի բխում․ փաստաբան․News.am

Վահե Գրիգորյանի հայտարարությունը սահմանադրական կարգից չի բխում․ փաստաբան․News.am

Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի հայտարարությունը այն մասին, որ ինքը պատրաստվում է  ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը, սահմանադրական կարգից չի բխում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

«Սահմանադրության հետ որեւէ աղերս չունեցող միտք-նախադասություն է։ Սահմանադրությունը շատ հստակ անցումային դրույթներով կարգավորում է անդամի եւ դատավորների պաշտոնավարման առանձնահատկությունները, այդ թվում՝  նախատեսելով, որ անդամները շարունակում են պաշոնավարել մինչեւ իրենց պարտականությունների ավարտը, իսկ պարտականությունները նույն են,  ինչ նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորների համար, այսինքն՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, իրականացնել սահմանադրական արդարադատություն»,-նշել է նա։

Վահե Գրիգորյանի այն թեզին, թե ՍԴ-ում կա 2 դատավոր, սահմանադրագետը արձագանքել է․  «Որոշ մարդիկ փորձում են անդամ, դատավոր բառակապակցության վրա որոշակի թեզեր կառուցել, որը եւս իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամներն առնվազն 2005 թվականից ի վեր բոլորն իրավաբաններ են, դատավոր եւ անդամ եզրույթի առանձնահատկությունը մասնագիտացման պահանջն է, բոլորն այս պահանջին համապատասխանում են, հետեւաբար՝ այդ թեզն էլ որեւէ կյանքի իրավունք չունի։ Իսկ այն թեզը, թե քանի որ Սահմանադրական դատարանում կան միայն 2 դատավորներ, իսկ 7-ը անդամներ են, Արման Դիլանյանն էլ գտնվում է արձակուրդում, այդ իսկ պատճառով Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները պետք է կատարի Վահե Գրիգորյանը, միգուցե ինքնիրավչության ռիսկեր պարունակող, միգուցե սահմանադրական լիազորությունների սահմանազանցման խնդիր է պարունակում»։

Արամ Վարդեւանյանը վտանգավոր է համարել ինքնահռչակմամբ պաշտոնը ստանձնելը․ «Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները չեն կարող ինքնահռչակմամբ ստանձնվել։ Օրենսդրությամբ, սահմանադրությամբ, միջազգային փորձի տեսանկյունից որեւէ նախադեպ չի եղել, չի էլ կարող լինել։ Ի վերջո, մենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ենք, մենք չենք կարող ինքնահռչակմամբ պաշտոններ ստանձնել։ Առավել եւս երբ խոսքն այն մարմնի մասին է, որը պետք է ապահովի սահմանադրության գերակայությունը»։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ