11 06 2019

ԱԺ-ն պարտավոր է Վահե Գրիգորյանի հարցը քննության առարկա դարձնել. փաստաբան․News.am

ԱԺ-ն պարտավոր է Վահե Գրիգորյանի հարցը քննության առարկա դարձնել. փաստաբան․News.am

ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված է սահմանափակում, արգելք ՍԴ նույն թեկնածուի կրկնակի, նորից առաջադրման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Վահե Գրիգորյանին կրկին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու փաստին։

«Այն նախատեսված է սահմանադրական օրենքով, ինչին ևս հարկավոր է ուշադրություն դարձնել: Կարծում եմ՝ Ազգային ժողովը սահմանափակված լինելով սահմանադրական օրենքի նորմով, կարող է և նույնիսկ պարտավոր է նախագահի կողմից առաջադրած թեկնածուի գրանցման հարցը քննության առարկա դարձնել»,-ասել է նա։

Ըստ նրա, Սահմանադրական դատավորի «նոր թեկնածու» եզրույթը բավականին հստակ և կանխատեսելի ձևակերպում է, սակայն եթե դրա վերաբերյալ առկա են տարբեր կարծիքներ, այսինքն՝  որոշակիության առերևույթ խնդիր կա, այդ դեպքում հարցը պետք է տեղափոխվի Սահմանադրական դատարան, որպեսզի այդ նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտվի:

Փաստաբանն ընդգծել է, որ այս ամենի վերաբերյալ նաև չափազանց կարևոր է հենց Ազգային ժողովի աշխատակազմի մասնագիտական եզրակացությունը, որը պետք է բխի ՀՀ օրենսդրության, առավել ևս սահմանադրական օրենքի պահանջներից:

«Կարծում եմ` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն հենց առաջինը պետք է շահագրգիռ լինի օրինականության սկզբունքի անվերապահորեն պահանման նկատմամբ, ինչը տվյալ դեպքում խնդրահարույց է: Չեմ ցանկանում անդրադառնալ այն հարցին, որ Սահմանադրական դատարանի դատավորը պետք է նաև օժտված լինի ցանկացած հարցի նկատմամբ անկախ, անաչառ լինելու երաշխիքներով, ինչը հենց ներկայումս ակտիվ փաստաբանական գործունեության ծավալող անձի դեպքում ևս կարող է դժվարություններ առաջացնել»,-նշել է Արամ Վարդևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ