Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու վարույթում է քննվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման դեմ։ NEWS.am–ի տեղեկություններով՝ այս գործով հերթական դատական նիստը կայացել է երեկ՝ մայիսի 30–ին։
Նշենք, որ այն բանից հետո, երբ 2018թ. օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել, Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունն, ինչից հետո նա դիմել էր առաջին ատյանի դատարան։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ապրիլի 12–ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
NEWS.am–ի հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ երեկվա դատական նիստին «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունուն։
Քննիչն արձանագրել է, որ Վազգեն Ռշտունին չի կարող այդ գործով անկողմնակալ և անաչառ դատավոր լինել, քանի որ դատավոր Ազարյանի որոշումից հետո հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը