ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է․
«Ինչպես խոստացել էի՝ առավել մանրամասն կանդրադառնամ այն հարցին, թե արդյոք առաջին ատյանի դատարանի՝ գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման դատախազի կողմից, եթե այն կայացվել է դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ՝ իր կողմից կիրառման ենթակա նորմի հակասահմանադրական լինելու հիմքով:
Ավելի պարզ՝ դատարանը ներքին համոզմունք ունի, որ այն հոդվածը, որը պետք է ինքը կիրառի՝ չի համապատասպանում Սահմանադրությանը:
Հիշեցնեմ, որ այս վերլուծության առիթ է հանդիսանում նախագահ Քոչարյանի քրեական գործի ընթացքը:
Ինչպես արդեն գիտենք առաջին ատյանի դատարանը իրավասու է սեփական նախաձեռնությամբ կասեցնել գործի վարույթը և դիմել սահմանադրական դատարան, եթե կարծում է, որ իր կողմից կիրառվելիք օրենքը հակասում է Սահմանադրությանը: Այսինքն, այստեղ գլխավորն է դատարանի սեփական կարծիքը կիրառվելիք իրավական նորմի վերաբերյալ և այն գլխավորապես կապված է դատարանի՝ իրավական նորմի սահմանադրական էության ընկալման հետ:
Այստեղից ակնհայտ է դառնում, որ վերադաս դատարանի կողմից վերաքննությունը (միջամտությունը) ուղիղ կապ ունի ստորադաս դատարանի սեփական կարծիքի ձևավորման հետ, իսկ վերադաս դատարանի կամ որևէ այլ մարմնի միջամտությունը դատարանի սեփական կարծիքի ձևավորմանը՝ անթույլատրելի է:
Այսպիսով, Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի ամբողջական և փոխկապակցված վերլուծությը ցույց է տալիս, որ վերաքննիչ դատարանն իրավասու չէ փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավորի ներքին համոզմունքը իր կողմից կիրառվելիք իրավական նորմի սահմանադրական լինելու կամ չլինելու վերաբերյալ:
Ավելին, քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումը ենթակա է բողոքարկման միայն այն դեպքերում, երբ գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը ներկայացրել է դատավարության մասնակիցը, որպիսի պարագայում վերաքննիչ դատարանը պետք է ստուգի որոշումն ընդունելիս ընթացակարգային, այսինքն ձևական պահանջների պահպանումը, որոնք անհրաժեշտ են անձի ներկայացրած միջնորդությունը քննելիս: Ինչ վերաբերում է դատարանի կողմից սեփական, սուբյեկտիվ վերաբերմունքին իր իսկ կողմից կիրառման ենթակա նորմի սահմանադրականության մասով, ապա, ինչպես արդեն նշեցի, այն չի կարող փոփոխվել վերաքննիչ դատարանի որոշմամբ:
Հավելեմ նաև, որ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1459 որոշման համաձայն՝ սահմանադրականության ստուգումը բոլոր դատարանների պարտականությունն է, այսինքն՝ դատարանը եթե գտնում է, որ առկա է սահամադրականության հարց, ապա պարտավոր է կասեցնել գործի վարույթը և դիմել սահմանադրական դատարան:
Վերոգրյալից հետևում է, որ դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ նշված հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը