29 05 2019

Վեթթինգի ո՞ր տարբերակին է համաձայն ՍԴ անդամի թեկնածուն

Վեթթինգի ո՞ր տարբերակին է համաձայն ՍԴ անդամի թեկնածուն

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հերթական քառօրյա նիստի ժամանակ «անարդար» և «կաշառակեր» դատավորների վերաբերյալ հարց ուղղեց Սահմանադրական դատարանի՝ ՀՀ նախագահի կողմից առաջարկված դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին:

«Անարդար դատավորը կարող է աշխատել արդար: Մարդու գործունեությունն ունի հոգեբանական, իրավական, սոցիալ-քաղաքական տարբեր կողմեր, կախված այդ անձի ձևավորված դիրքորոշումներից: Կան մարդիկ, ովքեր կարող են փոխվել և վերադաստիարակվել, սակայն կան նաև այնպիսինները, ովքեր կայուն, բացասական դիրքորոշումներ ունեն և չեն կարող վերափոխվել, սա հոգեբանական հատկություն է»,- նշեց Վաղարշյանը:

Կոնջորյանն անդրադարձավ նաև վերջին օրերին հրապարակված դատավորների գույքերի հայտարարագրերին, ովքեր շատ մեծ ունեցվածներ ունեն կուտակած: Պատգամավորը Վաղարշյանին հարց ուղղեց, թե վերջինս ինչպե»ս է վերաբերվում այդ դատավորներին: «Կարծում եմ, որ ներկա սահմանադրությունը և մեր օրենքներն այդ գործիքակազմն ունեն՝ մարդկանց ունեցվածքը, հատկապես հանրային իշխանության ծառայողների, այդ թվում նաև դատական ծառայության մեջ գտնվող անձանց ունեցվածը ստուգելու համար: Իշխանությունը լիարժեք իրավունք ունի իրականացնել դատավորների ունեցվածքի ստուգում»,- ասաց ՍԴ դատավորի նոր թեկնածուն:

Խոսելով վեթինգի ինստիտուտի մասին, Վաղարշյանն ընդգծեց, որ ինքը համաձայն է վեթթինգի այն տարբերակին, որը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ