«Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը բերման են ենթարկվել Օպերայի շենքի մոտից։
ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, որ վերոնշյալ 4 անձին Օպերայի շենքի դիմացից բերման են ենթարկում համերգից առաջ, որին մասնակցում էր նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ ՀԿ-ի անդամները պատրաստվում էին ակցիա անցկացնել այդ տարածքում։ Տարածքից հեռանալու ոստիկանի պահանջին «Ադեկվադի» անդամները չեն ենթարկվել, որից հետո նրանց բերման են ենթարկել բաժին:
«Ադեկվադը» այս դեպքի առնչությամբ հայտարարություն է հրապարակել, որի մեջ ասված է․
«Քիչ առաջ Ա.Խաչատրյանի համերգասրահից, որտեղ անցկացվում էր Եվրոպայի օրվան նվիրված դասական երաժշտության համերգ, բերման են ենթարկել ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամներին՝ անանուն ահազանգի հիման վրա, պատճառաբանելով հասարակական կարգի խախտումը, ինչը բացարձակապես չի համապատասվանում իրականությանը։ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ն հայտարարում է, որ իր անդամները չեն իրականացրել որևէ օրինազանցություն, պահպանել են հասարակական կարգը, և բերման են ենթարկվել բացառապես քաղաքական դրդապատճառներով։
Համերգի կազմակերպիչները, իրենց հերթին, հաստատել են, որ ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամները ներկա են գտնվել հրավիրատոմսերով, և որևէ կերպ չեն խախտել հասարակական կարգը։
Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իշխանությունները գործի են դնում ռեպրեսիվ ռեժիմ, խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։
Բերման ենթարկվածները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում՝ Ս. Վրացյան 90 հասցեով, այս պահին այնտեղ են հավաքվում աջակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը